հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական կեղծիքի «իտալական արկածները». Սպուտնիկ Արմենիայի հետաքննությունը

Ադրբեջանական կեղծիքի «իտալական արկածները». Սպուտնիկ Արմենիայի հետաքննությունը

Կեղծ շնորհակալություն՝ գոյություն չունեցող բանաձևի համար: Պատերազմի օրերին և դրանից հետո, երբ Իտալիայի բազմաթիվ քաղաքային խորհուրդներ ստորագրեցին Արցախի անկախության ճանաչման փաստաթուղթը, Ապենինյան թերակղզում Ադրբեջանի դեսպանատունը կեղծ արշավ սկսեց հայ համայնքի դեմ և խայտառակվեց, գրում է 1lurer.am-ը:

Ադրբեջանցիների հետ համերաշխության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը թվացյալ սատարելու համար դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Նեապոլի քաղաքային խորհրդին և Իտալիայի կառավարությանը: Հետո հայտարարությունը ջնջվեց դեսպանատան էջից, բայց իտալական պարբերականները հասցրել էին պահպանել այն:

Դեկտեմբերի 30-ին Նեապոլի քաղաքային խորհուրդը, ճիշտ է, բանաձև ընդունել է, բայց ուրիշ բովանդակությամբ: Նշվում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և հակամարտությունն առանց ուժի կիրառման լուծելու անհրաժեշտության մասին: Դեսպանատան կեղծ հայտարարության մասին փաստը տեղի հայ համայնքը ներկայացրել է քաղաքապետին՝ խնդրելով ստուգել բովանդակությունը, որտեղ հայերը սադրիչներ և ահաբեկիչներ են ներկայացվում: Արդարացի այս բողոքին արձագանքեցին տեղի պարբերականները: «Campo di Sud»-ը քաղաքապետից բացատրություն պահանջեց՝ հոդվածի վերնագիրը խոսուն էր՝ «Տեղի ունեցածից վատ հոտ է գալիս և ոչ միայն նավթի»:

Պատերազմում Թուրքիան անթաքույց կերպով աջակցում էր Ադրբեջանին: Ավելին, նույն Եվրոպան բազմիցս նշեց, որ վարձկան ահաբեկիչներ են կռվում Ադրբեջանի բանակում: Դեսպանատան հայտարարության մեջ նշված էր, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանը նորից զենքով հարձակվեց Ադրբեջանի վրա: Ուզում ենք, որ մեզ բացատրեն՝ ինչպե՞ս է հնարավոր Հայաստանի պես երեք միլիոն բնակչությամբ պետությունը պատերազմ սկսի: Մի բան հստակ է՝ Հայաստանն ինքնության պահպանման կռիվ էր տալիս:

Ադրբեջանի դեսպանատան հայտարարության մասին գրեց իտալական Politicamente Corretto պարբերականը, միաժամանակ նշելով՝ Նեապոլի քաղաքային խորհուրդը կիսում է Իտալիայի կառավարության դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Մի քանի օր անց Հռոմի հայ համայնքը նույն պարբերականում հանդես եկավ հերքումով:

«Ադրբեջանի դեսպանատան հայտարարությունն ապակողմնորոշում է իտալական հասարակությանը. իրականությունն ակնհայտ կեղծվում է: Իտալիան աջակցում է տարածաշրջանի կայունացմանը և չի կարող աչք փակել կեղծիքի վրա»:

Նեապոլի քաղաքային խորհրդի բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղն այն տարածաշրջանն է, որտեղ պատմականորեն մեծամասամբ հայեր են ապրել, և ինքնորոշման իրավունքը ընդգծվում է դեռ 80-ականներից։ Ադրբեջանի դեսպանատան հայտարարությունը՝ փոխված բովանդակությամբ, չի վրիպել անգամ Հայաստանի հետ ինչ-որ կապեր ունեցող շարքային իտալացիների աչքից: Օրինակ, իտալերենի ուսուցիչ Կառլո Կոպպոլան, որը Հայաստանին նվիրված էջ է վարում, գրել է՝ Նեապոլի քաղաքային խորհուրդը երբեք չի քվեարկել և հավանություն չի տվել ադրբեջանական որևէ հայտարարության:

Ադրբեջանի դեսպանատունն ամեն ինչ հնարել էր՝ խեղաթյուրելով Նեապոլի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկած բանաձևի բովանդակությունը, որում ընդհանրապես խոսք չկար Ադրբեջանին սատարելու մասին: Ճիշտ հակառակը՝ այն նպատակ ունի պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին: Միլանը, Պալերմոն, Պիզան և իտալական 20-ից ավելի քաղաք ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

  • Կիսվել: