ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Միրզոյան

Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Միրզոյան

Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը»,- ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին։

Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հենքի վրա պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՀՀ-ին փոխանցված 5 առաջարկությունները։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: