երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աբսուրդ և կլոունադա»․ Քոչարյանը իր դեմ հարուցված քրեական գործի մասին

«Աբսուրդ և կլոունադա»․ Քոչարյանը իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Պարզապես մի կին ցուցմունք է տվել, եւ դա հիմք է հանդիսացել քրեական գործի եւ մեղադրանքի համար։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր դեմ դատավարության եւ կաշառք վերցնելու մեղադրանքներին վերաբերող հարցին։

Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստ է ձերբակալվել, նախագահը նշեց, որ եթե պատրաստ չլիներ, այստեղ չէր լինի։ «Իհարկե պատրաստ եմ։ Բայց օգտվեմ առիթից՝ մեղադրանքի բովանդակության մասին խոսելու համար։ Երեկ փաստաբաններն ասում էին, որ չեն հասկանում մեղադրանքի էությունը։ Եթե ​​չենք հասկանում, ապա բացատրել էլ չենք կարող: Ես իսկապես չեմ հասկանում։ Երբ ինձ մեղադրանք առաջադրեցին սահմանադրական կարգի տապալման համար, անմիջապես կալանք դրեցին իմ ունեցվածքի եւ հաշիվների վրա, թեեւ իրավունք չունեին, քանի որ հոդվածը գույքային պատասխանատվություն չէր ենթադրում»,- հիշեցրես Քոչարյանը՝ հավելելով, որ նաեւ ապօրինի խախտվել է բանկային գաղտնիքը։

«Քննչական մարմիններից մեկն ասում է, որ օպերատիվորեն դադարեցրել է շարժը հաշիվներին։ Դու պետություն ես, թե՞ ինչ։ Տեղի ունեցողը տեղավորվում է քրեական պատասխանատվության մեջ, կգա ժամանակը եւ դա տեղի կունենա»,- խոստացավ Քոչարյանը։

«Վերջին պահին մեղադրանք ավելացվեց գույքային կալանքն օրինականացնելու համար։ Հարցի էությունն ինչի՞ մեջ է: Սա ամենահետաքրքիրն է։ Սիլվա Համբարձումյան անունով մի կին, ում մինչ այդ դեպքը  չեմ ճանաչել եւ չէի կասկածում նրա գոյության մասին մինչ այս քրեական գործը։ Նա ինչ-որ լիցենզիա ուներ հանքերի հետազոտման համար: Նա ուզում էր այդ լիցենզիաները վերավաճառել ինչ-որ մեկին եւ, մի ցուցմունքի համաձայն, նա կաշառք է տվել, մյուսի համաձայն, ցանկացել է շնորհակալություն հայտնել, եւ կաշառք է տվել ինձ եւ Սերժ Սարգսյանին։ Այն ժամանակ լիցենզիա վերավաճառելու համար օրենքով թույլտվություն չէր պահանջվում: Ասում է՝ գումարն առաջարկել է, որ իրեն չխանգարեն։

Հարցին՝ քեզ խանգարել են, թե՞ ոչ, ասում է՝ ոչ։ Բայց մտածել է, որ իրեն կարող են խոչընդոտել, եւ չխոչընդոտելու համար փող է առաջարկել։ Ուղղակի աբսուրդ։ Իսկ մեղադրական եզրակացության մեջ ոչինչ չկա։ Պարզապես մի կին ցուցմունք է տվել, եւ դա հիմք է հանդիսացել քրեական գործի եւ մեղադրանքի համար։ Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչու, ինչ եմ արել, ինչը չպետք է անեի եւ հակառակը։ Եվ հատկապես նախագահը՝ 2007-8թթ.-ին, այս հարցում իրավասություն չուներ»,- պարզաբանեց Քոչարյանը՝ հավելելով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ինքը նույնիսկ կառավարության շենք չի մտել։

«Երբ ես դատարանում խնդրեցի պարզաբանել, թե ինչ լիազորությունների մասին է խոսքը, ոչ դատավորը, ոչ դատախազը չկարողացան պատասխանել։ Նրանք իրենք են խոստովանում, որ դա աբսուրդ է, կլոունադա»,- գնահատական տվեց Քոչարյանը։

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք դատավճիռ լինել դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված այս իրավիճակում, Քոչարյանը պատասխանեց. «Այո, կարող են։ Եթե ​​դատավոր Բախշիյանին կալանավորեին... չնայած չեմ կարծում, որ հիմարությունն այդպիսի չափերի կհասնի։ Բոլորը կտեսնեն, թե ինչ աբսուրդ է։ Համբարձումյանն ասում է, որ Օսկանյանի միջոցով է առաջարկել. Օսկանյանն ասում է, որ գումարի փոխանցման հարց ոչ մեկի հետ չի քննարկել. Համբարձումյանն ասում է, թե իբր Մայրապետյանի միջոցով է փոխանցել, Մայրապետյանն ասում է, որ դա աբսուրդ է եւ երբեք այդպիսի բան չի արել։ Եթե ​​նման մեղադրանքով կարելի է կալանավորել, կալանավորեք, կտեսնենք»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: