ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
6 ամիսը փոխարինվում է 1 տարով՝ ԶՈւ-ում կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում․ Բալայան

6 ամիսը փոխարինվում է 1 տարով՝ ԶՈւ-ում կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում․ Բալայան

Առաջարկվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել: Այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Գործող օրենքով կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է այն, եթե այն կատարվել է «նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից»: 

«Սահմանվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառմամբ առավելագույն ժամկետը: Մասնավորապես 6 ամիսը փոխարինվում է 1 տարով, իսկ նյութական վնասի հայտնաբերման դեպքում՝ 3 տարի: Երբեմն լինում է, որ դեպքից 6 ամիս անցնում է, հետո համալիր ստուգման, որոշակի պաշտոնի հանձնման-ընդունման ընթացքում է միայն այն հայտնաբերվում: Բայց այդ դեպքում, քանի որ 6 ամիսն անցնել է, այլևս հնարավորություն չկա կարգապահական տույժի ենթարկելու»,- նշեց փոխնախարարը:
 

Նախատեսվում է կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու, ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցելու պահից իրավունքներին ու պարտականությունների գրավոր ծանոթացնելու պահանջը:

Բալայանը նշեց, որ միջգերատեսչական երկարատև քննարկումներից հետո կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին:

  • Կիսվել: