շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընտրովի քննություն զենքի գործով. «Իմ մտավախություններն իմ մեջ են»․ «Հրապարակ»

Ընտրովի քննություն զենքի գործով. «Իմ մտավախություններն իմ մեջ են»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահներն ուշագրավ գործողություններ են իրականացնում ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող հայտնի քրեական գործով: Խոսքն ԱԱԾ-ում քննվող զենքի գործի մասին է, որի շրջանակներում օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ինչպես նաեւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մինչդեռ, օրինակ, այդ ժամանակների ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնավարում է, նրան հարցաքննության էլ չեն կանչել։ Չեն հարցաքննել նաեւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գաբրիել Բալայանին:

Երեկ մեր լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Գ. Բալայանից, ով եղել է Դավիթ Տոնոյանի տեղակալը: Սակայն նա այդ գործի վերաբերյալ չի ցանկացել մեկնաբանություն տալ, միայն հաստատել է, որ իրեն չեն հարցաքննել։

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Գաբրիել Բալայանը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց, իսկ ազատվեց այդ պաշտոնից պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջերին։

Իսկ հայտնի գործով հանցավոր գործարքը, ըստ իրավապահ մարմնի, կայացել է 2018-ի աշնանը։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կներգրավեն այս գործով, պաշտոնաթող փոխնախարարը պատասխանել է․ «Իմ մտավախություններն իմ մեջ են, բայց այս պահին խոսել, մեկնաբանություն տալը սխալ է, քանի որ քննություն է գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: