հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
44-օրյա պատերազմի հաղթանակի «փայատերերն» իրենց «փայն» են ուզում, որը կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»․ Մարուքյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմի հաղթանակի «փայատերերն» իրենց «փայն» են ուզում, որը կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»․ Մարուքյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը միայն Ադրբեջանինը չէր, այն ունի ՛՛փայատերեր՛՛, որոնք իրենց մասնաբաժինն են ուզում։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Ալիևը որոշակի պայմանավորվածություններ ունի, որոնք ցանկության դեպքում անգամ չի կարող խախտել։

Ղազարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը հնարավոր եղավ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո, և հավանաբար երբ Ալիևին ասել են՝ ՛՛քեզ լինի Ղարաբաղը՛՛, նաև պայմանավորվածություն են ձեռք բերել որպես դրա գին, համաձայն որի՝ նա այդ հարցը լուծելու է տվյալ հարթակում և չի գնալու Արևմուտք։ Եվ հիմա Ալիևը ցանկության դեպքում անգամ չի կարողանալու այդ պայմանավորվածությունը խախտել՛՛:

Նրա դիտարկմանն ի պատասխան՝ Մարուքյանն ասաց, որ կարելի է դիտարկել ավելի վաղ տեղի ունեցած դեպքերը։

՛՛Դուք սեպտեմբերի 19-ի դեպքերն եք ասում, ես հետ կգնայի 44-օրյա պատերազմ։ Այդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը չի պատկանում միայն Ադրբեջանին, այդ հաղթանակն ունի ՛՛փայատերեր՛՛,և այդ ՛՛փայատերերն՛՛ իրենց ՛՛փայն՛՛ են սկսել ուզել, եկել է դրա ժամանակը։

Եվ այդ ՛՛փայը՛՛ կարող է ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ լինել, կամ այլ հանգամանքները։ Եվ հիմա Իլհամ Ալիևը պետք է որոշում կայացնի՝ կամ ինքը պատմական այս շրջանում քայլ է կատարում և ձերբազատվում է այդ իրավիճակից ու գնում առաջ՝ դեպի խաղաղություն, կամ եթե շարունակում է այդ ՛՛փայատերերին՛՛ լսել, ապա լուրջ խնդիրներ է ունենալու Արևմուտքում՛՛,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ այստեղ հայկական կողմը մեծ անելիքներ ունի, որպեսզի Ալիևն իրապես այդ խնդիրներն ունենա, այլ ոչ թե ստացվի, որ այդ ամենը ՛՛մարսվել՛՛ է։

՛՛Որոշակի իմաստով իրենք դադար են պահում, ցանկանում են ՛՛մարսել՛՛, ժամանակ անցնի՝ տեսնեն, թե ինչ են անում՛՛,-նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: