չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը մեծ արժեք ունի, այն պետք է հասնի հանրությանը, ոչ թե մնա առաջին բաժնում. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը մեծ արժեք ունի, այն պետք է հասնի հանրությանը, ոչ թե մնա առաջին բաժնում. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է ԱԺ նախագահը՝ հենվելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տված եզրակացության վրա։

«Թե այդ եզրակացությունն ինչքանով է իրավական առումով համոզիչ, ես դրա մասին բազմիցս խոսել եմ։ Այն գտնվում է առաջին բաժնում և թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ դրան»,-լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա վստահեցրեց՝ զեկույցը կա։

Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականին, թե զեկույցի ժամկետը խախտվել է, Անդրանիկ Քոչարյանը զայրացավ.

«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբանների տեսակետներ կան։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կան մի քանի իրավաբաններ, կան մի քանի տեսակետներ, բայց երբ վերցնում ես առողջ իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով, նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետա՞նց է, էդ զեկույցը մեռա՞վ։ Այդ զեկույցը վերհանել է այն խնդիրները, որոնց առկայության պարագայում 44 օրյա պատերազմի ընթացքում մենք պարտություն ենք ունեցել»։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրում է երեքուկես տարի: Այն ստեղծվել է 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ երկարաձգել ժամկետները:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում էր կայացրել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,- ասել էր ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Քոչարյանը վստահեցնում է՝ զեկույցը տալիս է այն հարցերի պատասխանները, որոնցում իշխանություններին մեղադրում են։

«Հիմա իշխանությանը մեղադրել, թե դեմ է զեկույցը ներկայացնելուն, ո՛չ։ Կա իրավական խնդիր, որի շուրջ կա իրավական վեճ։ Թե ինչու են նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, այ դա խնդիր է»։

  • Կիսվել: