շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն. Թովմասյան

44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն. Թովմասյան

Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության ու ցանկության հետ։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է և միտված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա ուղղակի աբսուրդ է», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են լինում ընդդիմության ձեռքին և ոչ թե իշխանության։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան զեկույցին՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ վերջին 5 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել «Մարտի 1»-ի գործի բացահայտման հարցում։

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա «ուչաստկովի» մակարդակի բացահայտման գործ է, և հենց երկրում եղավ իշխանափոխություն «Մարտի 1»-ի գործն անխուսափելիորեն կբացվի», - նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն տվյալ գործն այդպես էլ չբացահայտվեց։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք այս գործը հինգ տարի ուսումնասիրել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, այժմ էլ կուսումնասիրի Աննա Վարդապետյանը, սակայն վերջնարդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել միայն մեկ հիշարժան գործողություն, որն արձանի բացումն էր։

«Այն խոստումը, որի համար իշխանության էր եկել Նիկոլ Փաշինյանը չի կատարվել։ Չկա որևէ մեկ սպանության բացահայտում», - հավելեց նա։

  • Կիսվել: