հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակվեր, բայց, պարզվեց՝ դրանք չեն աշխատում. վարչապետ

42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակվեր, բայց, պարզվեց՝ դրանք չեն աշխատում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ուղերձում անդրադարձավ նաև բանակը քանդելու մասին մեղադրանքներին:

«Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք: Օդը չակերտավոր «փակ» էր, որովհետև 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես: Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում, թե Սու-30-ների համար իրեն ժամանակին «ատկատ» էին առաջարկել, բայց ինքը հրաժարվել է:

Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց սարքը առանց ատկատի՞ եք գնել: Ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը 42 միլիոն դոլարով գնվել է բարի մղումով և ազնվության շրջանակներում: Այս փաստից ուշադրությունը շեղելու համար արդեն քանի ամիս թեմա են դարձրել «ԱՍԱԿԱ» համակարգերի գնումը մեր կողմից: Իբր դրանք անարդյունավետ զենք են: Նախ՝ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում: Երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել: Ընդ որում՝ իսրայելական Hermes 900 ԱԹՍ-ը, որը խոցվել է հուլիսին Տավուշում, և որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, տեղի է ունեցել այդ «ԱՍԱԿԱ» համակարգերի միջոցով»,- նշեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ իրենց մեղադրում են, թե ինչու չեն գնել այլ զենքեր և միջոցներ բանակի համար: 2,5 տարվա ընթացքում ինչ հասցրել են՝ գնել են՝ հակադարձեց Կառավարության ղեկավարը:

«2,5 տարվա ընթացքում մենք պիտի զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, այո՛, ինքնաթիռներ գնեինք:

Այո՛, մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել: Լավ, մենք երկու տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18-20 տարվա մեջ ինչո՞ւ չեք գնել: Ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ գնելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելն ավելի կարևոր եք համարել, քան 2,5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: