երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած անձը ներկայացել է ոստիկանություն

27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած անձը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա  Մհեր Ա-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Նա ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վարից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում:  

Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի  ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովսեփ Դ.-ն է: Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Էդգար Բալոյանի, Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

  • Կիսվել: