2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ. Փաշինյան
Այսօրվանից ԱԺ-ում մեկնարկում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը նշեց՝ արդեն 13-րդ անգամ է ԱԺ-ում մասնակցում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին՝ 6 անգամ որպես պատգամավոր, և 7-րդ անգամ՝ որպես ՀՀ վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ բոլոր քննարկումների ժամանակ այս կամ այն չափով ընդգծել է՝ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն, և կարևորագույն խնդիր է համարում բյուջեի այս էության ըմբռնումը ոչ միայն Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների, այլև ողջ հանրության համար:
«Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին, ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ և բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով»,- ասաց նա:
2024-ի պետական բյուջեի եկամուտները, ըստ վարչապետի, կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, ինչը նշանակում է, որ մենք բոլորս՝ մեր աշխատանքով, այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է:
«Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը՝ վարչապետ, Կառավարություն, ԱԺ, Կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև՝ քաղաքացիներ: Խոսքը բոլոր՝ առանց բացառության քաղաքացիների մասին է: 2024-ին նրանց մի մասն աշխատել է, մյուս մասը չի աշխատել: