երկուշաբթի, մայիս 23
23 / 5 / 2022
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, մասնագետների կարողությունների հզորացման ուղղությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Նրանցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամվում են մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ Հիշեցնենք, որ խնամատար ընտանիքներում կարող են խնամք ստանալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ)։ Խնամատարության տեսակներից է նաև մասնագիտացված խնամատար ընտանիքը, որտեղ կարող են խնամք ստանալ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարման խնդիրներով, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։ Այս դեպքում՝ խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ)։

  • Կիսվել: