շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2020-ին ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ ոլորտի կազմակերպություններին պատվիրել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա. Չոբանյան

2020-ին ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ ոլորտի կազմակերպություններին պատվիրել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա. Չոբանյան

2020-ին առաջին անգամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ոլորտի կազմակերպություններին պատվիրվել են կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա: Այդ մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: 

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում խիստ պահանջարկի հետ: 

Չոբանյանը նշեց, որ նախարարությունը ռազմարդյունաբերության ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ, այդ երկու ոլորտները, ըստ նրա, առանձնացված չեն, դրանք միահյուսված են: 

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն իրենց նպատակներից մեկն է: Մասնավորապես, ըստ Չոբանյանի, դա ներառում է երեք բաղադրիչ՝ գիտելիք, տեխնոլոգիաներ և պատվերներ: «Լավ է, որ մեր ձեռնարկությունները երրորդ բաղադրիչը դիտարկում են ոչ միայն զինված ուժերի պատվերների, այլև արտահանման շրջանակում: Մենք գտնում ենք, որ ռազմարդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել, պետք է խոսել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման մասին, որն իր հետևից կբերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը: Այսօր մեր կարողություններն ավելի մեծ են, քան ռազմարդյունաբերության համալիրն այսօր դերակատարություն ունի մեր զինված ուժերի կամ պետության համար: Մենք այդ բացը շտկում ենք»,- նշեց Հայկ Չոբանյանը:  

  • Կիսվել: