երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին դրված փոխզիջումները եղել ենայն մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա. Փաշինյան

2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին դրված փոխզիջումները եղել ենայն մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա. Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի նախկին ձայնագրություններից մեկը, որտեղ վերջինս հանրահավաքում հայտարարում է. «Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր լկտիաբոր հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ Ալիեւի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ-ի կապիտուլյացիայի մասին»:

Քրիստինե Վարդանյանը նշեց. «Դուք մի քայլ էլ առաջ գնացիք սրանից եւ ասացիք, որ ոչ միայն փոխզիջում չկա, այլ ասացիք՝ մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի»: Այսինքն՝ այս բանակցություններում զիջող միակ կողմը մենք ենք այն մթնոլորտում, որը նկարագրեցիք: Ասացեք, ընդունո՞ւմ եք, որ սա կապիտուլյացիա է, ձեր իսկ ձեւակերպմամբ: Նաեւ ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը չի համաձայնեցվել, որովհետեւ ՄԱԿ-ի ամբիոնից Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռեւանշիզմի բացառման մասին, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին: Արդյոք էդ չհամաձայնեցված կետը վերաբերում է այդ հարցերից որեւէ մեկին»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Եռաբլուր այցելության օրն իր արած գրառմանը. «Եթե ուշադիր եք եղել, ես հրապարակային նաեւ Քննիչ հանձնաժողովում խնդրին անդրադարձել եմ 1996 թվականից սկսած գործընթացներից: Երբ ձեր գործընկերը ցիտում էր եւ ասում էր՝ սա էսօրվա խոսակցության նյութ չի: Այո, ինչը ես այդտեղ ասել եմ՝ ճիշտ եմ ասել: Եվ դա է պատճառը, որ փոխզիջումները տեղի չեն ունեցել եւ հանգեցրել են պատերազմի: Հարցի էությունն այն է, որ ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»:

Խոսելով  ընդդիմադիրների պնդումների մասին, թե ԼՂ-ն և Հայաստանը կապիտուլյացիայի են ենթարկվել՝ նա ըդգծեց. «Ի՞նչ կապիտուլյացիայի մասին եք խոսում, բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք էլ մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք, հարց եք տալիս, աշխատավարձ եք ստանում։ Դուք և հայաստանյան ու ոչ հայաստանյան հովանավորները ամեն ինչ անում էիք, որ 2021 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում ընտրություններ տեղի չունենան, որ այն փաստացի լուծարվի»:

 

  • Կիսվել: