չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
200 կմ ճանապարհ կվերականգնվի, կնորոգվեն մանկապարտեզներ եւ պոլիկլինիկաներ. Ավինյանը խոստումներ է տալիս

200 կմ ճանապարհ կվերականգնվի, կնորոգվեն մանկապարտեզներ եւ պոլիկլինիկաներ. Ավինյանը խոստումներ է տալիս

2023-ի համար առաջին անգամ մշակվել է ճանապարհների վերականգնման ծրագիր, որը ներառում է Երեւանի 12 վարչական շրջանները եւ 200 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին դեկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավաստիացրել է, որ եկող տարին ճանապարհաշինության տեսակետից ռեկորդային է լինելու։

«Կապիտալ նորոգման փուլում են երկու պոլիկլինիկաներ՝ Ավանում եւ Նորք-Մարաշում, ինչպես նաեւ 22 մանկապարտեզների շենքեր։ Նախատեսվում է իրականացնել 34 մանկապարտեզների եւ 6 պոլիկլինիկաների կապիտալ նորոգում։ Եվս 35 մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր»,- նշել է Ավինյանը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի նորոգման եւ տեխնիկական վերազինման համար հատկացվել է 290 մլն դրամ։

«Արցախի կրթության նախարարությանը հատկացվել է 50 երաժշտական գործիք։ Գրադարաններում կներդրվի միասնական տեղեկատվական բազա։ Գրքերի ֆոնդի համալրման համար կհատկացվի 40 մլն դրամ»,- ընդգծել է Ավինյանը։

  • Կիսվել: