երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
20 տեղամասերում ընտրության գաղտնիության խախտման հետ կապված դեպքեր են արձանագրվել. «Անկախ դիտորդ»

20 տեղամասերում ընտրության գաղտնիության խախտման հետ կապված դեպքեր են արձանագրվել. «Անկախ դիտորդ»

Առավոտյան ժամը 7-ից «Անկախ դիտորդը» 170 հոգանոց առաքելության կազմով հետեւում է Երեւանում ընթացող ավագանու ընտրություններին, արդեն կան արձանագրված մի շարք խնդիրներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով իրենց դիտարկման միջանկյալ արդյունքները:

«Մասնավորապես, 4 ընտրատեղամասերում պրոցեսն սկսվել է 20 րոպե ուշացումով, 2-21 տեղամասում այն սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով՝ պայմանավորված հանձնաժողովի նախագահի բացակայությամբ: Շատ տեղամասեր խիստ անհարմար տեղերում են եւ անմատչելի են, 4-ը նկուղային հարկերում են:

Ըստ էության, արձանագրվել է թվով 48 խախտում, որոնցից 4-ը հանձնաժողովի նախագահի, 21-ը վստահված անձանց, 21-ը ընտրողների, մնացածը՝ անհայտ անձանց կողմից: Հիմնականում խախտումները եղել են ՔՊ-ի, բայց նաեւ եղել են մեկից ավելի խախտում արձանագրված «Ապրելու երկիր», «Ազգային առաջընթաց», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» եւ «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից»,-ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով, 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեր դիտորդները արձանագրել են ուղղորդում, որոնցից 4-ը (6/13, 9/56, 9/57 եւ 9/6) պարբերաբար կրկնվել են եւ եղել են ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից: Մյուս դեպքերը եղել են «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից:

«18 ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ, որոնցից 4-ը կրել են բարբերական բնույթ:

Մեկ ընտրական տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության 3-ից ավելի մուտք է արձանագրվել տեղամաս, ինչն արգելված է:

20 տեղամասերում ընտրության գաղտնիության խախտման հետ կապված դեպքեր են արձանագրվել, որոնց մի մասը պայմանավորված է եղել սխալ կահավորմամբ:

30 դեպք արձանագրվել է ընթացակարգային խախտումներ»,-ասաց Իոնանիսյանը:

Նա հավելեց, որ խնդիրներ կան ԿԸՀ-ի կայքի հասանելիության առումով, այն կամ սահմանափակված է, կամ ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի լինում կայնքին հետեւել. «Ժամը 07.56-ի եւ  08.01-ի  միջակայքում վիդեոդիտարկման հնարավորությունները խիստ սահմանափակվել են, այնպես է արվել, որ մեկ IP_ից հնարավոր լինի միայն մեկ կամերայի հետեւել: Դա նշանակում է, որ եթե մեկ պրովայդեր մեկ IP-ով ինտերնետ է տալիս մի ամբողջ շենքի, ապա եթե մեկը շենքից մի տեղամասի հետեւում է, այդ շենքից ուրիշ մարդ չի կարող ուրիշ տեղամասի ընթացքին հետեւել: Հիմա բացվել է եւ հնարավոր է ավելի շատ հետեւել»,-ասաց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը:

  • Կիսվել: