1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում. Աղվան Վարդանյան
ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին։
Գրառման մեջ ասվում է․ «Ինչ է արձանագրում Լևոն Տեր-Պետրոսյանը
Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Ուշադրությունը սեւեռում ենք անզգույշ բառի վրա:
Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:
Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:
Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:
Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում»: