շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը իշխող թիմի քարոզչությանն օգտագործելը հակասում է սահմանադրականությանը. Իոաննիսյան

150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը իշխող թիմի քարոզչությանն օգտագործելը հակասում է սահմանադրականությանը. Իոաննիսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք ուղղաթիռով մեկնելը «ԱՅՈ»-ի քարոզարշավին մասնակցելու համար մեկնաբանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում նշել է.

«Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Infocheck նախագիծը անրադարձել է արձակուրդում գտնվող եւ քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ու դրա օրինականությանը:

Ի տարբերություն ուղղաթիռով մեկնելու փաստի (որն իրոք օրինական է), հանրային միջոցներով Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործունեության պաշտպանությունը վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ օրինակ է (https://infocheck.am/am/posts/309): Առավել եւս, որ նույն հարթակը չի անրադարձել այն դեպքերին, երբ վարչապետը քարոզչության ընթացքում իրոք խախտել էր օրենքը:

Ընդ որում, նյութում ներկայացնում են, թե իբր վարչապետը իրավունք էլ չուներ մեկնել մեքենայով (թեկուզ ծառայողական, զրահապատ) եւ պարտավոր էր գնալ ուղղաթիռով: Դա սուտ է, վարչապետը կարող էր (թեեւ պարտավոր չէր) հրաժարվել ու գնալ նույնիսկ իր անձնական ոչ զրահապատ մեքենայով՝ ինչպես արեց ամառվա իր արձակուրդի ժամանակ:

Առհասարակ, նշված ՊՈԱԿ-ի Infocheck նախագծի գործունեությունը պարբերաբար հիշեցնում է իշխանամետ քարոզչություն, որն արվում է հարկատուների հաշվին:

Այսպես՝ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է ակնհայտ սխալ բան ասում տնտեսության մասին (https://fip.am/9632), այդ կայքը լռում է, բայց երբ դա անում է Հրանտ Բագրատյանը՝ անպայման անրադառնում է (https://infocheck.am/am/posts/218): Նույն կերպ չեն մոռանում անրադառնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարություններին, որոնք ուղղված չէին պետական որեւէ գերատեսչությանը (https://infocheck.am/am/posts/232):

Կարող եմ էլ չհիշատակել, թե ո՞նց էր էդ կայքը մանիպուլացնում զինված ուժերում մահացության շուրջ պատմությունը եւ կեղծ ինֆորմացիա տարածելով՝ թիրախավորում Նիկոլ Փաշինյանի սխալի մասին բարձրաձայնող լրատվամիջոցին:

Բարեկամներ, 150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը հարկատուների հաշվին իշխող թիմի քարոզչության համար օգտոգործելը հակասում է ժողովրդավարության տարրական սկզբունքներին եւ նույնիսկ, ըստ էության, Սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող օրինականության սկզբունքին»։

  • Կիսվել: