100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի համար. Սասուն Միքայելյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց՝ ինչ է արվում հասարակությանը կորոնավիրուսի պայմաններում սահմանված կանոններն իրազեկելու համար, քանի որ հաճախ մարդիկ չգիտեն՝ որ դեպքում ինչ է սպասվում:
«Ինչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս, մարդիկ գալիս են, միամիտ ինչ-որ տեղ տուգանվում են: Մարդկանց տուգանել եք 100 հազար դրամով, որոնք էլի տեղյալ չեն եղել: Կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում կայացվեր, որ չեղյալ համարվեին նախորդ տուգանքները: 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,-ասաց Սասուն Միքայելյանը։
Փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ որոշումների մասին իրազեկվում են ինչպես Հանրային հեռուստաընկերությամբ, այնպես էլ ԶԼՄ-ներով, սակայն արտակարգ դրության ժամանակ որոշումները կարիքից ելնելով այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է պատկերացնել դրանք հասցնել յուրաքանչյուրին այն կերպ, ինչ սովորական պայմաններում:
«Երբ հասարակական հարաբերությունները առավել կայուն են, դրա վերաբերյալ քաղաքացիների մոտ կանխատեսելիությունը ևս կայուն է, այդ թվում՝ կանոնների փոփոխման դեպքում: Համաձայն եմ, այս առումով որոշումներ կայացնելիս և կանոնները սահմանելիս պետք է փորձել հնարավորինս ավելի լայն շրջանակ ընդգրկել, որ չստացվի իրավիճակ՝ քաղաքացիների որոշ մասը տեղյակ չլինի կանոններից, քանի որ կանոնների արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե քաղաքացիների որ ծավալն է տեղյալ կանոններից»,- ընդգծեց Վահե Դանիելյանը։
Ինչ վերաբերում է տուգանքների չեղարկմանը, ապա, ըստ փոխնախարարի, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի:
«Թեկուզ սոցիալական խնդիրներ կան, և տուգանքները մարդկանց համար խնդիրներ են առաջացրել, առհասարակ տուգանքների չեղարկումը կարող է նաև այն բացասական հետևանքն ունենալ, որ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կանոններին հետևել՝ ակնկալելով, որ այդ տուգանքները ևս որոշակի փուլում կարող են չեղարկվել»,-նշեց նա։


