չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վալերի Մելաձեն Երևանում է. ինչո՞ւ է երգիչը «հայտնվել» Հայաստանում և ի՞նչ է տանելու իր հետ

Վալերի Մելաձեն Երևանում է. ինչո՞ւ է երգիչը «հայտնվել» Հայաստանում և ի՞նչ է տանելու իր հետ

Ռուսական էստրադայի աստղը ցավով նշում է, որ Հայաստան հաճախ չի գալիս և քիչ բան է հասցնում տեսնել։

Հանրահայտ երգիչ և պրոդյուսեր Վալերի Մելաձեն Երևանում է։ Նա Sputnik Արմենիային ասաց, որ Հայաստան է եկել փոքր համերգով։
 
Մենք նրան պատահաբար հանդիպեցինք քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Երգիչը չասաց, թե որտեղ և ինչ ձևաչափով է ելույթ ունենալու, բայց խոստովանեց, որ կարող է երգել նաև «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը, եթե իհարկե խնդրեն. հայկական այլ երգեր նա չգիտի։
 
Մելաձեն վերջին անգամ համավարակից առաջ է եղել Հայաստանում։ Նա Sputnik Արմենիային պատմեց, որ սովորաբար Երևանից դուրս չի գալիս, քանի որ այցերը, որպես կանոն, երկար չեն տևում, ճանապարհորդելու համար ժամանակը չի բավականացնում:
 
Փոխարենը Երևանում բարեկամներ ունի, այստեղ են թաղված նաև երգչի երկու հարազատները։
Երևանում ամենից շատ նա գնահատում է Արարատ լեռան տեսարանը։ Հայաստան գալիս անպայման համտեսում է հայկական տոլման ու խորովածը։
 
«Հայկական խոհանոցը հարուստ է համեղ ուտեստներով։ Ընկերներս նույնիսկ 1960 թվականին տպագված «Հայկական խոհանոց» գիրքն են նվիրել», - ասաց Մելաձեն։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է օգտվել գրքի բաղադրատոմսերից, Մելաձեն պատասխանեց. «Անպայման»:
 
Երգչի խոսքով` Հայաստանից մեկնելիս իր հետ հույզեր ու ջերմություն է տանելու։
Նա հուսով է, որ մոտ ապագայում նորից կգա, բայց արդեն մեծ համերգով, և այդ ժամանակ հնարավոր է` անակնկալներ լինեն նաև հայ հանդիսատեսի համար։
 
Մելաձեն պատրաստվում է նաև Վրաստան մեկնել, բայց ոչ այսօր, քանի որ գիշերը մեկնում է Ռուսաստան: Նա նաև խաղաղություն և բարգավաճում մաղթեց երկու եղբայրական ժողովուրդներին՝ հայերին և վրացիներին։
 
Վալերի Մելաձեն ծնվել է 1965 թվականի հունիսի 23-ին Բաթում քաղաքում: Այնտեղ էլ երաժշտական դպրոց է ավարտել։ Հետո որպես հեռախոսավար է աշխատել։ 1989թ. ավարտել է Ս.Օ. Մակարովի անվան նավաշինության ինստիտուտը՝ «ծովային էներգետիկ սարքավորումների ինժեներ-մեխանիկ» մասնագիտությամբ:
 
Ուսումնառության ընթացքում հանդես է եկել «Ապրիլ» երաժշտական խմբի կազմում։ Այնուհետև առանձնացել է խմբից, 1995 թվականին թողարկել իր ալբոմը և սկսել է մենահամերգներով հանդես գալ։

  • Կիսվել: