հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ուզում եմ մեծանալ ու նմանվել քեզ»․ Հայկոյին նվիրված համերգի հուզիչ դրվագներն ու որդու խոստովանությունը (տեսանյութ)

«Ուզում եմ մեծանալ ու նմանվել քեզ»․ Հայկոյին նվիրված համերգի հուզիչ դրվագներն ու որդու խոստովանությունը (տեսանյութ)

Ֆիզիկապես հեռու, բայց այնքան մոտիկ․ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայկոյի ծննդյան օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչի հիշատակին նվիրված համերգային մեծ ծրագիր։ Երեկոյին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստի հարազատներն ու ընկերները, հայտնի արտիստները կատարեցին սիրված երգչի երգերն ու, նույնիսկ, զուգերգեր ներկայացրին նրա հետ։

Համերգի ողջ ընթացքում զգացվում էր Հայկոյի ոչ միայն հոգեւոր, այլեւ անմիջական ներկայությունը։ Լեդ էկրանների շնորհիվ ստացվել էր երգչի պատկերը․ նա գործընկերներին ու հանդիսատեսին ժպտում էր բեմից՝ հուզելով ու արտահայտելով իր հավերժական գոյությունը բոլորի սրտերում։

Արտիստները հաճախ չէին կարողանում զսպել էմոցիաները՝ դժվարանալով երգել առանց հուզմունքի։ Ելույթ ունեցան Սիրուշոն, Անդրեն, Էրիկը, Էմմին, Արամ mp3-ը, Արամեն, Խորեն Լեւոնյանը, Ներսես Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը, Արա Մարտիրոսյանը եւ այլ հայտնիներ․ համերգին մասնակցեցին նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսեյ Չումակովը, Սոսո Պավլիաշվիլին եւ Ռոբերտո Կել Տոռեսը։ Հուշ-երոկոյի հանդիսավարներն էին Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։

Հայկոյին նվիրված համերգը լի էր տպավորիչ պահերով, որոնք հանդիսատեսին ստիպում էի լաց լինել, ժպտալ, համակվել կարոտով ու հուշերի ջերմությամբ, սակայն ամենաէմոցիոնալ պահերից մեկը, թերեւս, Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ հոլովակն ու հայրիկին արված նրա խոստովանությունն էր,-«Ես լսել եմ քեզ միշտ, հա՝ մեկ-մեկ ականջի ծայրով, բայց նաեւ ուշադիր։ Ես դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու․ ուզում եմ մեծանալ ու նմանվել քեզ՝ քեզ պես երազել, քեզ պես սիրել կյանքն ու մարդկանց, ընտանիքն ու ընկերներին։ Ես կարոտում եմ քեզ, սիրում եմ քեզ, պապ․․․»։ 

 

Արդեն բեմում Արմանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որվքեր եկել էին իր հայրիկին նվիրված համերգին։

Համերգը եզրափակվեց «Վերեւ» երգով, որը հնչեց հենց Հայկոյի կատարմամբ․ ելույթի ընթացքում բեմին էր արտիստի հոլոգրաֆիկ պատկերը։

  • Կիսվել: