շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուժեղ ցավերի պատճառով Մադոննան կրկին չեղարկել է հերթական համերգը

Ուժեղ ցավերի պատճառով Մադոննան կրկին չեղարկել է հերթական համերգը

Ամերիկացի երգչուհի Մադոննան շարունակում է չեղարկել նախապես հայտարարված համերգները, տեղեկացնում է Kulturomaniaն:

Նշվում է, որ նա հերթական անգամ չեղարկել է դեկտեմբերի 21-ին Մայամի-Բիչում   ծրագրված համերգը, որը կայանալու էր ի աջակցություն Madame X ալբոմի: Ըստ երգչուհու՝ համերգի չեղարկման պատճառն ուժեղ ցավերն են, որոնք նա զգացել է  փորձերի ժամանակ:

Մադոննան խոստովանել է, որ վերջին ժամանակներում բժիշկների հսկողության տակ է, և որպեսզի հետագայում շարունակի շրջագայությունը, իրեն անհրաժեշտ է վերականգնվել: Չի հստակեցվում, թե ինչն է ցավերի պատճառը:

Երգչուհին ասել է. «Ես վերջին երկու օրն անցկացրել եմ բժիշկների հետ, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ:  Դրանք հստակ ցույց են տվել, որ եթե պետք է շարունակեմ համերգային շրջագայությունը, ես պետք է հնարավորինս շատ հանգստանամ, որպեսզի օրգանիզմիս էլ ավելի լուրջ և անուղղելի վնաս չպատճառեմ»:


Ավելի վաղ Մադոննան չեղարկել էր համերգները Բոստոնում, որոնք նախատեսված էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին: Ներկա պահին եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված էր մեկնարկել հունվարի 12-ին Պորտուգալիայում, հարցականի տակ է:

  • Կիսվել: