ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու մկրտությունը չեղարկելու պատճառը (լուսանկարներ)

Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու մկրտությունը չեղարկելու պատճառը (լուսանկարներ)

Երգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել իրենց քավորի առանձնատան բակում:

Սիլվան երեկվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ հավաքվել էին միայն ընտանիքի անդամներով:

«Ներկա էին միայն մեր ամենահարազատ մարդիկ, 20 հոգին չէինք գերազանցել: Կարանտինի պատճառով վաղուց առիթ չէր եղել, որ հավաքվեինք, շատ լավ անցավ: Իրականում շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց, քանի որ վաղուց մտադրվել էինք Միլայի 1-ամյակի օրը նաև մկրտել նրան, մեծ խնջույք կազմակերպել, սակայն արտակարգ դրությունը մեզ նման հնարավորություն չտվեց»,- ասաց նա ու հավելեց, որ վաղուց ընտրել են նաև Միլայի կնքահորը:

Փոքրիկի քավորը լինելու է ռուսաստանաբնակ հայ վարսահարդար Գեորգի Կոտտը. «Նա շատ էր ուզում ներկա լինել գոնե միայն ծննդյան տարեդարձին, սակայն փակ սահմանների պատճառով չկարողացավ գալ»:

 

Մայրիկը պատմեց, որ հատուկ ձևավորում էին արել, Միլան իր անկյունն ուներ, թեև տարեդարձի սկզբում փոքրիկն ուրախությամբ աչքի չի ընկել. «Լավ տրամադրություն չուներ, քանի որ շորիկի մեջ իրեն հարմարավետ չէր զգում: Առհասարակ, որևէ ավելորդ բան իր վրա չի սիրում, նույնիսկ, գլխազարդ: Մի քանի լուսանկար անելուց հետո փոխեցինք: Բացի այդ, չէր քնել, չնայած մինչև տուն չվերադարձանք, չքնեց: Չնայած վատ տրամադրությանը՝ հենց միացրեցինք իրեն նվիրված իմ նոր երգը, սկսեց պարել: Այդ երգը Մանեն գրել է հատուկ Միլայի համար, դեռ ոչ մի տեղ չեմ կատարել: Շատ եմ ցանկանում այն ներկայացնել տեսահոլովակով, որի հերոսուհին Միլան կլինի: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Սիլվայի երկրպագուները շատ են սիրում Միլային, փոքրիկի լուսանկարներն ամեն անգամ մեծ տարածում են գտնում համացանցում: Երգչուհին սաց, որ դեմ չի լինի, եթե աղջիկն իր ճանապարհով գնա. «Արդեն նկատելի է Միլայի երաժշտական հակումը, հայրս հաճախ ասում է, որ ես էլ էի այդ տարիքում այդպես արձագանքում երաժշտությանը: Առաջ մի քիչ այլ մոտեցում ունեի, հիմա մտածում եմ՝ կուզեմ աղջիկս շարունակի իմ ճանապարհը, իհարկե, եթե ունենա երաժշտական տաղանդ, ոչ թե տեխնիկական միջոցներով երգի, որովհետև տեխնիկան այսօր թույլ է տալիս երգել նույնիսկ չերգողին»:

Երգչուհին պատմեց, որ ամուսինը՝ Նորայրը, իրեն շատ է օգնել խնջույքի նախապատրաստական հարցերում. «Առհասարակ, Նորայրն ամեն հարցում ինձ օգնում է: Այն տղամարդկանցից չէ, որոնք միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում; Իհարկե, կան հարցեր, օրինակ, ձևավորումը, որոնց դեպքում ասում է՝ արա ինչպես ուզում ես, բայց մյուս բոլոր հարցերում ինձ շատ է օգնում»:

Վերջին շրջանում Սիլվան ավելի քիչ է լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ. «Ինձ շատ են հարցնում, թե ինչու: Պարզապես Նորայրը չի սիրում հանրային լինել: Հանուն ինձ նա շատ չի խոսում այդ մասին, բայց ես էլ չեմ ուզում անել մի բան, որն իրեն իրականում շատ հաճելի չէ: Մարդիկ տարբեր ենթադրություններ են անում, իրականում, ամեն բան շատ լավ է»:

Սիլվան ասաց, որ ամուսնու հետ Միլայի համար յուրահատուկ նվեր են պատրաստել, սակայն թե ինչ, մանրամասնել չցանկացավ:

 

  • Կիսվել: