հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շերը ստացել է Icon Award մրցանակը

Շերը ստացել է Icon Award մրցանակը

2024 թվականի iHeartRadio Music Awards-ում Շերը ստացել է Icon Award-ը։ Մրցանակը նրան հանձնել է դերասանուհի Մերիլ Սթրիփը։

Երբ Լոս Անջելեսի Dolby Theatre-ի բեմից 74-ամյա Սթրիփը ջերմորեն ներկայացրել է «Գրեմմի»-ի դափնեկրին, 77-ամյա աստղն իր խոսքը սկսել է զվարճալի ուղերձով՝ ուղղված իրեն ատողներին: «Մարդիկ կան ասում են՝ մի՞թե այս պոռնիկը մեկից ավելի տաբատ ունի։ Ես այս տաբատը կրում եմ արդեն 40 տարի, եւ մտածեցի, որ պետք է միասին այստեղ գանք եւ ընդունենք այս մրցանակը»։

Անդրադառնալով երաժշտական ​​ինդուստրիայում իր 60-ամյա կարիերային, Strong Enough-ի հիթմեյքերն ասել է, որ ինքը «բախտավոր է, որ ունի մարդիկ, ովքեր տարիների ընթացքում միշտ եղել են իր կողքին»: Դիմելով ներկաներին՝ լեգենդար երգչուհին նշել է, որ հանդիսատեսի «մեծ մասը», նույնիսկ, ծնված չի եղել, երբ նա 1965 թվականին ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ փառքի է հասել որպես խմբի անդամ։

Նա խրախուսել է մյուսներին «երազել» եւ չհանձնվել՝ «անկախ նրանից, թե ինչ է պատահում»: «Եթե երազանք ունենաս եւ գնաս դրա հետեւից, հիանալի կյանք կունենաս, եւ այն, հավանաբար, կիրականանա»,- հորդորել է նա։

Մինչ Շերին բեմում ողջունելը, Սթրիփը, Lanvin-ի սպիտակ զգեստով, հարգանքի տուրք է մատուցել իր գործընկերոջ պատմական կարիերային:

«Գիտե՞ք, որ Շերը վերջին յոթ տասնամյակում զբաղեցրել է առաջին հորիզոնականները: Նա ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, ով արել է դա»: Նրա խոսքով՝ «խիզախություն է պետք» հասնելու այդպիսի հաջողության:

Արարողության ընթացքում բեմ է բարձրացել նաեւ Ջենիֆեր Հադսոնը՝ կատարելով «If I Could Turn Back Time» երգի իր տարբերակը։ Այնուհետեւ Շերը հայտնվել է բեմում եւ Հադսոնի հետ կատարել «Believe» երգը։

  • Կիսվել: