ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ո՞վ է սպառնում «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին

Ո՞վ է սպառնում «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին

«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային տարազ» բաժնում իր կրած զգեստի դիզայներ Վերա Մխիթարյանն ու «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանը սպառնում են իրեն։

Այս մասին գեղեցկուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, նշել է.

«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել: Մինչդեռ զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերտիկալ վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:

Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները ազգային տնօրեն՝ Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ իրեն իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում...

Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ մինչև ասել, իբր խմած եմ խոսում իր հետ… (ձայնային հաղորդագրություններն առկա են):
Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝

1. Իբրև սանրվածքս սխալ է: (Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս (հյուսերն արեցի ինքս մի քանի րոպեյում, օգնող չկար): Առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:
2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել: (Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել):
3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր: (Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր. «Հայկական պարի շարժում չգիտե՞ս...»
4.ՉԵՄ ԺՊՏԱՑԵԼ..: (Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ):
5. Գոտին կախ էր ընկած: (Գոտին ուներ մեկ ամրացման տեղ և երբ զգեստը փորձելու ժամանակ ասացի, որ այն լայն է իմ գոտկատեղից, Վերան պատասխանեց, որ թող գոտկատեղից ներքև ամրանա):
6. Իբրև գլխազարդը թասի նման էր դրված... (Գլխազարդը վերջին օրը փոխարինեցին նորով, որը փոքր էր գլխիս չափից և չէր ֆիքսվում):

Իսկ ինչ վերաբերվում է ազգային տնօրենի այն հայտարարությանը, թե իբրև ճնշվել եմ մյուս մասնակիցների փայլփլուն և հարուստ տարազներից և ընկճված ներկայացել, ապա դա ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների և երբեք չեմ դժվարացել լավ ներկայացնել ցանկացած հագուստ՝ անկախ նրանից ճաշակովս է այն, թե ոչ:


Անգամ ամենապրոֆեսիոնալ մոդելներն ու գեղեցկության մրցույթի մասնակիցները կարող են ոչ լիարժեք բավարարված լինել իրենց ելույթով, նույնիսկ եթե հաղթող են ճանաչվում: Դա խոսում է նրանց՝ իրենց իսկ նկատմամբ պահանջկոտ լինելու մասին: Այդպես է ցանկացած բնագվառում:

Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել, սակայն ի տարբերություն իրենց՝ ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ և եթե տենց բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամլո ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում:
Հ.Գ. Հետևություններն արեք ինքներդ»:

  • Կիսվել: