ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նախկինում երբեք պայքարի մեջ չէի եղել»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի տոնական ֆոտոշարքը. Tert.am

«Նախկինում երբեք պայքարի մեջ չէի եղել»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի տոնական ֆոտոշարքը. Tert.am

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն անցնող տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է «Միսս աշխարհ» միջազգային հեղինակավոր մրցույթի ընթացքում քանոն նվագելն ու աշխարհին ևս մեկ անգամ հայկական երաժշտությունը լսելի դարձնելը։

Գեղեցկուհու տիտղոսակիրը Tert.am Life-ին տրամադրել է իր տոնական ֆոտոշարքն ու ամփոփել հագեցած 2019 թվականը, պատմել 2020 թվականի սպասումներից և նշել, թե որքանով է ինքը մասնակցում նախատոնական անցուդարձին։

Լիանան սիրում է խոհանոց, պատրաստում է համեղ խմորեղեններ ու վերջին շրջանում՝ դասերին զուգահեռ, բարեգորձական նախաձեռնության շրջանակներում, կատարում է Ձյունանուշի պարտականություններ։  

«Այս Ամանորը ոչ մի բանով չի տարբերվի նախորդներից։ Այո՛, ես դարձել եմ տիտղոսակիր գեղեցկուհի, մեր երկիրը ներկայացրել եմ միջազգային ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկում և դրանով պայմանավորված ամփոփելու ավելի շատ բան կունենամ։ Տոնական բաժակների առաջին իսկ զնգոցից հետո մի փոքր ինքնամփոփ կդառնամ և կփորձեմ  իմ մեջ ամփոփել նախորդ տարին։ Կհասկանամ սխալներս, բացթողումներս, քայլերս, որպեսզի ավելի  նպատակասլաց, ավելի կենտրոնացած սկսեմ աշխատել 2020 թվականին։ Տարբերություններն ու փոփոխությունները կլինեն իմ մեջ և ոչ արտաքին աշխարհում»,-ասաց Լիանան։

2019 թվականի իրադարձությունների մեջ Լիանան ոչինչ չի ուզում փոխել՝ թե՛ վատը, թե՛ լավը ոչ միայն արդեն անցյալում են, այլև, ըստ նրա, իրեն ինչ-որ բան են սովորեցրել․ «2019 թվականի իրադարձությունների մեջ, կարծում եմ, ոչինչ չէի փոխի։ Թե՛ լավը, թե՛ վատը եղել են ու արդեն անցել, և այդ ամենից ես քաղել եմ դրականն ու լավը, ստացել եմ իմ դասերը։  Ինչը հասկացել եմ՝ կփորձեմ 2020 թվականին շտկել։ Հետ չենք նայում՝ նայում ենք միայն առաջ և փորձում ենք դասեր քաղել և՛ վատ, և՛ լավ իրադարձություններից։ Ոչ միայն 2020 թվականի, այլև ամբողջ կյանքիս համար ունեմ հստակ նպատակ՝ ապրել և ոչ թե ուղղակի շնչել,  ապրել այնպես, որ իմ ծախսած թթվածնի յուրաքանչյուր գրամ ի նպաստ աշխարհին ու մարդկությանը լինի»։

Թե ինչ է տվել ու ինչ է սովորեցրել 2019 թվականը Լիանային՝ նա ասաց․ «2019-ը տվեց տիտղոս, որը դրական իմաստով պիտակ է, և ես դա կրելու եմ կյանքիս ողջ ընթացքում։ Տիտղոսը խլեց նաև  ազատության որոշակի չափաբաժին․ նման տիտղոս կրելիս ավելի շատ ես ուշադրության արժանանում և հետևաբար պետք է վարքի, խոսքի, շարժուձևի մեջ հնարավորինս զգոն լինես։ Այս տարի  ես սովորեցի պայքարել և ազնիվ պայքարել։ Պայքարի մասին պատկերացումներ ունեի, սակայն նախկինում երբեք դրա մեջ չէի եղել։ Հասկացա, որ երբ նպատակդ հստակ է, գիտես անելիքներդ, ապա կարող ես ազնիվ պայքարել ու հաղթել։ Չեմ ընդունում այն հաղթանակները, որոնք նվաճում ես այլ ճանապարհներով։ Նման դեպքերում կարևորն ազնվությունն է»։

Լիանան նշեց, որ դեռ տարեսկզբին ինքը չի պատկերացրել, թե մասնակցելու է գեղեցկության մրցույթի․ «Իրականում դեռ տարեսկզբին ես պատկերացում անգամ չունեի, որ ևս մեկ անգամ կմասնակցեմ գեղեցկության մրցույթի։ Որոշումս շատ հանկարծակի է եղել և դիմումը լրացնելուց, քասթինգը անցնելուց հետո, երբ արդեն եզրափակչում էի, բնականաբար, մտածում էի հաղթանակի մասին։ Հիմա անչափ ուրախ եմ ինձ տրված հնարավորության համար և փորձում եմ ամեն ինչ անել տիտղոսս արդարացնելու և թագը պատվով կրելու համար»։  

Լիանան այս տարի, ինչպես և մյուս բոլոր տարիները, Ամանորը նշելու է ընտանեկան միջավայրում․ «Առհասարակ հանգստություն գտնում եմ ընտանիքիս շրջապատում և, կարծում եմ, ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին։ Այդ իսկ պատճառով, Նոր տարին դիմավորում եմ ինձ համար հանգիստ միջավայրում՝ ընտանիքիս, հարազատներիս հետ։ Այս տարի բացառություն չէ՝ կդիմավորեմ տանը, իսկ հաջորդ օրվանից կլինեմ ընկերներիս հետ, կնշեմ, կուրախանամ,-ասաց նա ու հավելեց, որ իր կյանքի ամենահիշարժան Ամանորը ևս կապված է ընտանիքի հետ,- ես ծնվել ու մեծացել եմ Ուկրաինայում և իմ կյանքի ամենատպավորիչ Ամանորը եղել է այն տարի, երբ առաջին անգամ Նոր տարին դիմավորեցի հայրենիքում։ Շատ լավ եմ հիշում այդ տարին՝ դեկտեմբերին մենք որոշեցինք վերջնականապես վերադառնալ հայրենիք։ Շատ ոգևորությամբ էի սպասում և չնայած փոքրի տարիքիս ես այնտեղ զգացել եմ օտարությունը։ Այդ տարի մի փոքր այլ կերպ էի սպասում Ամանորին ու հրաշքին»։  

Նախատոնական անցուդարձին նա ամբողջությամբ մասնակցում է՝ և՛ խոհանոցում և դրանից դուրս․ «Նախատոնական անցուդարձի ընթացքում լինում եմ նաև խոհանոցում, որովհետև խմորեղենները ես եմ պատրաստում։ Ասում են ինձ մոտ խմորեղեններ պատրաստելը լավ է ստացվում։ Ամեն տարի փորձում եմ նոր բաներ պատրաստել։ Քանի որ սիրում եմ խոհանոցը, սիրում եմ պատրաստել՝ դոլմայի և նրբաբլիթների հարցում էլ մայրիկիս օգնում եմ։  Տունը զարդարելու պարտականությունն ամբողջությամբ իմն է, սակայն տոնածառը մայրիկիս հետ ենք զարդարում։ Այս տարի մի փոքր թերացել ենք, որովհետև մրցույթից վերադառնալուց հետո շատ զբաղված էի։ Համալսարանում բացթողումներ ունեի, որոնք պետք է լրացնեի, սակայն, բացի դա, նաև կատարում եմ Ձյունանուշի պարտականությունները՝ այց տարբեր անապհով ընտանիքների, երեխաներին նվերներ հանձնելու արարողություններ։ Գրաֆիկս շատ խիտ էր և տոնածառն այս տարի մի քիչ ուշ ենք տեղադրել»։

Լիանան հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և ուզում է, որ մյուս բոլոր մարդիկ ևս հավատան․ «Ինքս հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա և ուզում եմ, որ յուրաքանչյուր տարիքում  մարդիկ հավատան Ձմեռ պապիկին, հրաշքին և հոգու խորքում պահպանեն մանկությունը՝ չկորցնեն պարզությունը, անկեղծությունը։ Ես հավատում եմ, որ իմ ցանկությունը կիրականան և աշխարհը կդառնա խաղաղ, հանդուրժող։ Ձմեռ պապիկից ցանկանում եմ խաղաղություն և հանդուրժողականություն։ Ինչ վերաբերում է նյութականին, ապա կփորձեմ ինքնուրույն պայքարել, ձեռք բերել։  

 

  • Կիսվել: