երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը` Վերոնիկա Ջիոևան Երևանում

Մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը` Վերոնիկա Ջիոևան Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), ելույթ կունենա «օպերային դիվա» Վերոնիկա Ջիոևան:

Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: Վերոնիկա Ջիոևան մոլորակի լավագույն սոպրանոներից է, որին քննադատներն անվանում են «օպերային դիվա», «աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ և խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։ Անզուգական ձայնի և արտիստիկության շնորհիվ 2022 թ. Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները պարզապես «սենսացիա» են անվանել:

Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնևի Մեծ և Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային և այլ օպերաների հետ:

Վերոնիկա Ջիոևան համագործակցում է նաև այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին և ուրիշներ։

  • Կիսվել: