շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մենք պատմելու ենք, թե ինչու կորցրինք Արցախը»․ Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում կլինեն պատերազմի ժամանակ Արցախում նրա նկարած իրական կադրերը

«Մենք պատմելու ենք, թե ինչու կորցրինք Արցախը»․ Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում կլինեն պատերազմի ժամանակ Արցախում նրա նկարած իրական կադրերը

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում ֆիլմերը, հիմնականում, Արցախի մասին են, պատերազմից օրեր առաջ հայրենի Արցախում էր՝ տեղանք էր ընտրում նոր ֆիլմի նկարահանումների համար։ Պատերազմը, սակայն, փոխեց բոլոր ծրագրերն ու նոր նյութ տվեց ֆիլմի համար։ Ֆիլմի առաջին մանրամասները Ջիվանը պատմել է Tert.am Life–ին ու խոսել ադրբեջանցիների ստեղծած խնդիրների մասին։

Ռեժիսորը պատմեց, որ «Վերածնվածը» աշխատանքային վերնագրով ֆիլմի աշխատանքները սկսել են 2018 թվականին, հիմա աշխատում են սցենարի վրա։ Սցենարի հեղինակները Նարինե Ոսկանյանն ու Մոնիկ Պետերսոնն են։

Ջիվանի ֆիլմացանկում առանձին տեղ ունեն Արցախի մասին ֆիլմերը։ Մինչև վերջին պատերազմը ֆիլմերը միավորվում էին Արցախի հաղթանակով։ Հիմա իրավիճակ է փոխվել։ «Վերածնվածը» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2018–ին, երբ իրականությունն այլ էր, սակայն փոփոխությունը չէր կարող չներկայացվել ֆիլմում։ Ռեժիսորն ասաց, որ իր լուծումն է գտել։

 

«Նախկինում ունեինք անցյալի հաղթանակ, հիմա՝ ապագայի հաղթանակ։ Մենք հիմա ապրում ենք խորը ճգնաժամ, բայց ես չեմ դադարում հավատալ հաղթանակին։ Նոր ֆիլմը պետք է անդրադառնար 2016 թվականի պատերազմին, այս ամենից հետո սցենարը վերամշակեցինք, դեպքերը տեղափոխվել են 2020 թվական։ Ներկա իրավիճակն արտացոլված է ֆիլմում, որպես ռեժիսոր՝ տվել եմ նաև դրա գնահատականը։ Գեղեցիկ ու հետաքրքիր ձևով ենք պատմում պատմությունը։ Սա 4 հերոսի մասին օրիգինալ պատմություն է, սակայն դետալները ստեղծված են իրական փաստերի հիման վրա։ Գլխավոր հերոսն ապրում է Փարիզում, պատահական բացահայտում է իր ինքնությունն ու այդ հետքերով գալիս Արցախ, որտեղ պատերազմ է, վիրավորում է ստանում արգելված զենքից»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ պատմությունը կապվում է նաև 1992 թվականի պատերազմի հետ։

Ֆիլմում տեղ կգտնեն իրական կադրեր պատերազմից։ «Հոկտեմբերի 2-ից Արցախում գրեթե ամենուր եղել եմ, նկարահանել եմ տարբեր դրվագներ՝ մարտական գործողություններ, զինվորականների, որոնց մի մասը կլինի ֆիլմում՝ որպես հերոսի նկարած դրվագներ»,– ասաց նա, ապա նկատեց, որ շատ զինվորների է նկարահանել, որոնց ճակատագրերը չգիտի՝ ինչպես են դասավորվել։ Ֆիլմում շատ հերոսներ կգտնեն իրենց, որոշ մարդիկ, գուցե, գտնեն իրենց հերոսներին։ «Սա վավերագրական ֆիլմ չէ, սակայն մենք պատմելու ենք այն մասին, թե ինչու այսպես եղավ և ինչու կորցրինք Արցախը»,– նկատեց ռեժիսորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: