կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլը»՝ ուղիղ

«Մանկական Եվրատեսիլը»՝ ուղիղ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես կգա 15 համարի ներքո: Նա կկատարի Dance ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 11-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Նարեի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում են 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորում է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

  • Կիսվել: