ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպես Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտն ու Բորյան, առաջ անցան Ալլա Պուգաչովայի աշակերտուհուց և հաղթեցին «Ну-ка, все вместе!» նախագծում. մանրամասներ

Ինչպես Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտն ու Բորյան, առաջ անցան Ալլա Պուգաչովայի աշակերտուհուց և հաղթեցին «Ну-ка, все вместе!» նախագծում. մանրամասներ

Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտ և Բորյա Ադամյանները առաջին տեղն են զբաղեցրել ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հատուկ թողարկման ժամանակ: Նախագծի հատուկ թողարկումը նախատեսված է եղել երեխաների համար:

Նրանց մայրիկը՝ Մագա Ղազարյանը, Tert.am Life-ին պատմել է մասնակցության հրավերի մասին և տրամադրել լուսանկարներ:

««Ну-ка, все вместе!» նախագիծը նախատեսված է մեծերի համար, սակայն այս անգամ էսքկլյուզիվ նկարահանել էին երեխաների համար: Զանգահարեցին մեզ, Բորյային հրավիրեցին մասնակցելու, Անուլին՝ մանկական ժյուրիում ընդգրկվելու (ժյուրիի անդամները երեխաներ էին, միայն Սերգեյ Լազարևն էր մեծ): Ես ասացի, որ Բորյան առանձին երգացանկ չունի, ասացին՝ ուրեմն թող քույրիկի հետ երգի,- պատմեց մայրիկն ու հավելեց, որ երեխաների ելույթը վերջինն էր,- Գուցե միտումնավոր էին իրենց վերջում թողել, չգիտեմ: Որքան էլ տարօրինակ չէ, Россия 1 հեռուստաընկերության աշխատակիցները ճանաչում էին երեխաներին, նկարվում»:

 

Հարցին, թե որքանով էր հաղթանակը սպասելի իրենց համար, Մագան պատասանեց, որ երեխաները սովորաբար հաղթանակի են տրամադրվում:

«Իհարկե, հուսով էի, որ կհաղթեն, երեխեքն էլ էին տրամադրված հաղթանակի: Իրենք վստահ էին, որ պետք է հաղթեն, երկուսն էլ այդպիսի ամուր բնավորություն ունեն, միշտ վստահ են, որ լավ կլինի, կհաղթեն,- ասաց նա ու հավելեց, որ մրցույթի ընթացքում մի պահ սկսել է կասկածել հաղթանակի հնարավորությանը,- Մի աղջիկ 97 ձայն հավաքեց: Ասացին, որ Ալլա Պոուգաչովայի աշակերտուհին է: Արդեն կասկած էր մտել մեջս, թեև հոգուս խորքում հավատում էի: Անուլի և Բորյայի ելույթի ժամանակ 98 հոգի ոտքի կանգնեց, մի բալով անցան առաջ ու հաղթեցին»:

Նախագծի՝ մեծերի համար նախատեսված մրցույթում հաղթողը ստանում է նաև դրամական պարգև, մանկական մրցույթում, դրամական պարգև չի եղել:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մագան ասաց, որ երեխաները Большая сцена նախագծին մասնակցելու առաջարկ էին ստացել, սակայն ստիպված են եղել հրաժարվել. «Չկարողացանք մասնակցել, քանի որ երեխաների մոտ քննական շրջան է, պետք է պատրաստվեն: Դասերը բաց թողնել չէինք կարող»:

 

  • Կիսվել: