չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 «Իմ մանկությունը կապված է Հայաստանի հետ». երգչուհի Զառայի հայկական հուշերը, «Դլե յաման»-ին անդրադարձն ու նոր տեսահոլովակի բեքսթեյջը

«Իմ մանկությունը կապված է Հայաստանի հետ». երգչուհի Զառայի հայկական հուշերը, «Դլե յաման»-ին անդրադարձն ու նոր տեսահոլովակի բեքսթեյջը

Ռուսական շոու-բիզնեսից հայտնի երգչուհի Զառան (Զառա Մգոյան) երբեք չի թաքցրել իր սերն ու նվիրվածությունը Հայաստանին: Ազգությամբ եզդի երգչուհին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա ընտանիքն այնտեղ է տեղափոխվել Գյումրի քաղաքից: Մգոյանները երբեք չեն մոռացել Հայաստանում անցկացրած տարիների մասին, ու նույն սերը փոխանցել են նաեւ Զառային:

NEWS.am STYLE-ի հետ բացառաիկ հարցազրույցում ռուսական շոու-բիզնեսի աստղը պատմել է մանկության շրջանում Հայաստան կատարած իր այցելությունների, հայ ընկերների, խոսել Հայկոյի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր նոր՝ «Безумная» տեսահոլովակի գաղափարն ու տրամադրել նկարահանումների բեքսթեյջից էքսկլյուզիվ լուսանկարներ:

Անդրադառնալով Հայաստանի հետ իր խորը կապին՝ Զառան նշեց, որ միշտ առանձնահատուկ ջերմությամբ ու սրտի թրթիռով է մտածում մեր երկրի մասին:

«Վերջին անգամ Երեւանում ելույթ եմ ունեցել 4 տարի առաջ: Գաղտնիք չէ, որ իմ մանկությունը կապված է այս երկրի հետ: Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս, իմ բարեկամների հետ, եւ եթե ընկերներիցս շատերն ուղեւորվում էին գյուղ, ինձ միշտ տանում էին հեռավոր, բայց շատ հարազատ Հայաստան՝ Լենինական (Գյումրի): Որքան տարի էլ, որ անցնի, ես միշտ ջերմությամբ եմ հիշելու իմ տատիկի տաքուկ ձեռքերը, հյուրընկալ սեղանը, նրանց տան թարմ լավաշի բույրը, Հայաստանի արեւը եւ սարերի հովը: Դա այն է, ինչ ինձ հետ հավետ կմնա»:

Ինչ վերաբերում է մյուս հայկական սիրելի երգերին ու, առհասարակ, հայ կատարողներին՝ Զառան հավելեց.

«Ես տարբեր ազգերի երաժտությունն էլ լսում եմ ու զգում: Հայաստանում շատ երաժշտական մարդիկ են ապրում: Մարգարիտա Պոզոյանի ու Արծվիկի հետ, օրինակ, մենք շատ լավ ընկերներ ենք: Ինձ նաեւ շատ է դուր գալիս Սեւակ Խանաղյանը: Շատ էի տխրել, երբ Հայկոյի մահվան մասին ցավալի լուրն իմացա… Նա հրաշալի երաժիշտ էր, ես նրա արվեստի երկրպագուն եմ»:

  • Կիսվել: