երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Եվրատեսիլում Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում

Եվրատեսիլում Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում

Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Եվրատեսիլ-2022-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին:  Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։

Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, որ հայ մասնակցի կատարումը Եվրատեսիլի ամենագեղեցիկ երգերից մեկն էր։ Սոցիալական ցանցերում իտալացի մի շարք բլոգերներ և լրագրողներ նշել են, որ Եվրատեսիլը բացարձակ քաղաքական կառույց է դարձել՝ հարցադրում անելով, թե եթե այս տարի մրցանակը տրվեց Ուկրաինային, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ երկու տարի առաջ այն չտրվեց Հայաստանին։

Լրագրողներից մեկը իր սոցիալական կայքում գրել է. «Հայաստանը 2015 թվականին նախազգուշացվել էր, որ Եվրատեսիլին ներկայացված երգը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ էր անում՝ Հայաստանին մեղադրելով Եվրատեսիլը քաղաքականացնելու համար: Հաջորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կազմակերպիչների կողմից դարձյալ զգուշացվել էր առաջին կիսաեզրափակչի ընթացքում Արցախի դրոշը ցուցադրելու համար։ Տարակուսելի է, որ այս տարի ուկրաինացի երգիչները հստակ հղում կատարեցին պատերազմին ու Ազովստալին և արժանացան ծափահարությունների ... նրանց ամեն ինչ կարելի է»,-եզրափակել է լրագրողը։

Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Իտալիայի վերաբերմունքն այս տարի կտրուկ տարբերվում էր նախորդ տարվանից։ Նշվում է, որ անցած տարի Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ մրցույթը հեռարձակող իտալական հեռուստաընկերության հաղորդավարը թույլ էր տվել անհարգալից արտահայտություններ Հայաստանի բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ, հավանաբար, պատերազմում պարտված լինելու պատճառով Հայաստանը փող չունի Եվրատեսիլին մասնակցելու համար։ Դրա հետևանքով Իտալիայում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ էր ունեցել «ՌԱՅ 4» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտա Էննիի հետ, բացատրել իրավիճակի զգայուն լինելը։ Արդյունքում վերջինս իր ափսոսանքն էր հայտնել կատարվածի կապակցությամբ, հավաստիացրել, որ հաղորդավարը պարզապես շատ երիտասարդ է, չի հասկացել՝ ինչ է պատերազմը և որ դա պարզապես բառերի անհաջող ընտրություն է եղել։ Հակառակ դրան, այս տարի հեռուստահաղորդավարը կիսաեզրափակչին իր մեկնաբանությունների ժամանակ ասել է հետևյալը. «Հայաստանի երիտասարդ ներկայացուցիչ Ռոզա Լինը մասնակցել է 2013 թվականի երիտասարդական Եվրատեսիլին: Պետք է նշեմ, որ նա յուրահատուկ ձայն ունի: Ես անմիջապես կգնեի այս ձայնասկավառակը: Այն country-pop ոճի մի երգ է, որը մի տեսակ փաթաթվում է քեզ և շոյում, յուրատեսակ մերսում է»։

Եզրափակչի ժամանակ հեռուստահաղորդավարը նշել է. «Հայաստանի երիտասարդ ներկայացուցիչ Ռոզա Լինն ընդամենը 22 տարեկան է, Հայաստանում առաջին կին պրոդյուսերն է: 2021 թվականին նա հրապարակել է միայն մի երգ և ընդամենը մեկ տարի անց արդեն Եվրատեսիլում է: Սա է Եվրատեսիլի յուրահատկությունը՝ ընձեռել հնարավորություն նորահայտ արտիստներին հայտնվել միջազգային բեմահարթակին»:

Այս տարի եզրափակչի ժամանակ Ադրբեջանը հինգ այլ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի հետ միասին հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից՝ մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու մեղադրանքով: Այդ որոշումն ընդունվել էր Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը Եվրատեսիլի կազմակերպիչն է։

Հայաստանին ժյուրիի ամենաբարձր միավորները տրվեցին Ֆրանսիայի (12), Բուլղարիայի (10), Վրաստանի (10) և Իտալիայի (8) կողմից:

  • Կիսվել: