«Ես մաքուր հայ եմ, այլ արյուն չունեմ, հայ ազգն ինձ համար մեծ նշանակություն ունի»․ Ավրաամ Ռուսո
Ազգությամբ հայ երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ավրաամ Ռուսոն Երևանում հանդես կգա «25 տարի բեմում» հոբելյանական մենահամերգով:
Համերգը տեղի կունենա հունիսի 18-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Երգիչն այս օրերին Հայաստանում է, իսկ երեկ նա հերթական անգամ հանդիպել է երկրպագուների հետ, ներկայացրել ու պատմել իր հեղինակած գրքերի մասին, կատարել իր հիթերը։
«Իմ մայրը մահացել է Հայաստանում՝ իր սիրելի հողի վրա։ Նա շատ հայրենասեր էր։ Շատ էր ցանկանում ինձ նվիրել Աստծուն, ուզում էր, որ ես վարդապետ դառնամ։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար ես այդ ուղին չընտրեցի, այլ ընտրեցի երգարվեստը»,-հանդիպման ժամանակ ներկաների հետ կիսվել է երգիչը։
Նա պատմել է, որ սակայն ուսանողական տարիներին աստվածաբանություն է ուսումնասիրել։ Իր գրքերով ցանկացել է ցույց տալ այն ճշմարտությունը, որն ինքն է բացահայտել։
«Գնացի այն ուղղությամբ, ուր քամին ինձ տարավ»,- նշել է Ռուսոն։
Երգիչն ապրում է Միացյալ նահանգներում, բայց հաճախ է լինում հայրենիքում։
«Ես մաքուր հայ եմ, այլ արյուն չունեմ, հայ ազգն ինձ համար մեծ նշանակություն ունի»,-անկեղծացել է երգիչը։