հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Երկար դիմանում եմ, հետո իսպառ ջնջում մարդուն իմ կյանքից». Օլյա Հակոբյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ցավ պատճառած մարդկանց չներելու մասին

«Երկար դիմանում եմ, հետո իսպառ ջնջում մարդուն իմ կյանքից». Օլյա Հակոբյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ցավ պատճառած մարդկանց չներելու մասին

Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով, որոնց հեղինակը լուսանկարիչ Արամ Մինասյանն է: Դերասանուհին ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել համագործակցության, հաճախ ոճային փոփոխություններ անելու և իր ուժեղ կերպարներին նման լինելու մասին:

 

Օլյայի խոսքով` ֆոտոշարքի ոճն ինքը չի ընտրել, ունի անձնական ոճաբան՝ Նարինե Բադալյանը, ով հանդիսանում է հագուստի և ոճի հեղինակը. «Այս ֆոտոշարքում այլ ոճով եմ: Ոճային փոփոխություններից չեմ վախենում, հաճախ եմ անում, քանի որ կրկնվել չեմ սիրում: Տեսակ ստանալու խնդիր ունեինք, քանի որ ուզում էինք վայրի գեղեցկությունն ընդգծել, արձագանքներն էլ համապատասխան էին: Նկարների մեջ ես նկարված պեպեններով եմ, բայց ունեմ նաև բնական պեպեններ, ուղղակի տոնային քսուկից հետո չեն երևում: Ֆոտոշարքն արել ենք ձիարշավարանում: Ամեն ինչ արագ ստացվեց, իրականացրել ենք երկու ժամում»:

 

Ըստ դերասանուհու` ժամանակին իրեն դժվար էր տրվում լուսանկարվելը. «Թատրոնի և կինոյի դեպքում խոսքի, արտահայտչամիջոցի, էմոցիա ցուցադրելու տարբեր եղանակներ կան, միմիկա կա: Սրանք շատ կարևոր են, ու այդ իսկ պատճառով դժվար է ստանալ այնպիսի լուսանկարներ, որոնք ուղղակի լուսանկարներ չեն լինի: Հիմա հասկացել եմ գաղտնիքն ու ընտելացել, լուսանկարվելն ինձ այլևս դժվարությամբ չի տրվում: Իսկ գաղտնիքը չլարվելու, ազատ զգալու, բնական լինելու մեջ է: Լուսանկարվելիս պետք է մտածել, որ դա էլ է կերպար, որը պետք է խաղալ»:

Մեկնաբանություններում հաճախ են գրում, որ դերասանուհու ֆոտոշարքերի գրեթե բոլոր կերպարներն ուժեղ կնոջ են հիշեցնում, Օլյայից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է նման այն կերպարներին, որոնց մարմնավորում է: «Եթե անգամ տվյալ ժամանակաշրջանում ցավ եմ ապրում, դրա մասին ոչ ոք չի կարող իմանալ, բացի իմ ամենամտերիմ մարդկանցից: Իմ կյանքում եղել են նաև տխուր օրեր, որոնք բոլորի մոտ են լինում, բայց ես ցույց չեմ տալիս իմ հոգեվիճակը»,-ասաց նա և ընդգծեց, որ կարևոր է իմունիտետը, որը մարդը ձեռք է բերում տարիների ընթացքում, բայց իր դեպքում դա նաև տեսակի հարց է:

Հարցին՝ հե՞շտ է ներում ու մոռանում այն մարդկանց, ովքեր իրեն ցավ են պատճառել, Օլյան պատասխանեց. «Չեմ ներում այն մարդկանց, ովքեր ինձ ցավեցնում են, բայց խոսքն իմ հարազատների մասին չէ: Նույնիսկ, երբ մոռանում եմ թեմայի մասին, միևնույն է, չեմ ներում: Երկրորդ հնարավորություն տալիս եմ, որովհետև մեծ համբերություն ունեմ: Երկար դիմանում եմ, հետո իսպառ ջնջում մարդուն իմ կյանքից: Դրանից հետո էլ չեմ հիշում նրա մասին»:

  • Կիսվել: