ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցեղասպանության մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը՝ Art Visuals and Poetry կինոփառատոնում

Ցեղասպանության մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը՝ Art Visuals and Poetry կինոփառատոնում

1915 թվականի Հայոց ցեղասպանության ամբողջ մղձավանջը՝ մեկ մարդու՝ արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության ու սպանության պատմությամբ։ Այս մասին է բրիտանահայ ռեժիսոր Գարո Բերբերյանի 20 րոպեանոց «Դանիէլ» ֆիլմը: Արևմտահայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի պատմության միջոցով ֆիլմի հեղինակները ներկայացրին Հայոց Ցեղասպանության արհավիրքը: Վիեննայում կայացած Art Visuals and Poetry կինոփառատոնին ներկայացվել է ռեժիսոր Գարո Բերբերյանի Taniel կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին ողբերգական օրերին։

Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանության  «Ֆեյսբուքի» էջից Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը նոյեմբերի 30–ին ներկա է գտնվել Art Visuals and Poetry կինոփառատոնին։ 

Նշենք, որ Գարո Բերբերյանի (Garo Berberian)` բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած Taniel կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Գյումրիում, դերասաններն ու ֆիլմի երաժշտական ձևավորման հեղինակը գյումրեցիներ են:

Աշխարհահռչակ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն է զբաղվել երաժշտական ձևավորմամբ։ Դանիել Վարուժանին մարմնավորել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։ Սև ու սպիտակ ժապավենն ստեղծվել է փաստերի ու անհատի զգացմունքների հիման վրա, որոնք արտահայտվում են ֆիլմում արևմտահայերենով ու անգլերենով հնչող բանաստեղծություններով: Դանիել Վարուժանի պոեզիան արևմտահայերենով ներկայացնում էր ստամբուլահայ դերասան Եղիա Աքգունը, իսկ անգլերեն հատվածներում հնչում է հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Բինի ձայնը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ֆիլմի հեղինակները հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի ստեղծման նախապատմությունը և գաղափարը։ Ավստրիայում անցկացվող «Art Visuals and Poetry» կինոփառատոնն իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում. այդտեղ ներկայացվում են ֆիլմեր պոեզիայի և պոետների մասին:

  • Կիսվել: