ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Բրյուս Ուիլիսը անբուժելի հիվանդ է

Բրյուս Ուիլիսը անբուժելի հիվանդ է

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտնել է, որ դերասանի մոտ ախտորոշվել է ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիա. սա տեղի է ունեցել սիրված դերասանի՝ աֆազիայի պատճառով կարիերան ավարտելու և թոշակի անցնելու մասին հայտարարությունից մեկ տարի էլ չանցած:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 67-ամյա հոլիվուդյան դերասանը կարիերան ավարտել է, քանի որ սկսել է պայքարն աֆազիայի դեմ, որի պատճառով նրա լեզվական կարողությունները վատթարացել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիան ազդում է ճակատի հետևում գտնվող ուղեղի բլթերի վրա, որոնք կապ ունեն վարքագծի, խնդիրների լուծման, պլանավորման և հույզերի հետ. այս հիվանդության ախտանիշներն են անհատականության փոփոխությունները, մոլուցքային վարքը և խոսելու դժվարությունները:

Նրա կնոջ՝ Էմմա Հեմինգի, նախկին կնոջ՝ Դեմի Մուրի և հինգ դուստրերի հայտարարության մեջ ասվում է.«Այն պահից ի վեր, երբ մենք հայտարարեցինք Բրյուսի մոտ աֆազիայի ախտորոշման մասին 2022 թվականի գարնանը, Բրյուսի վիճակը վատացել է, և մենք այժմ ունենք ավելի կոնկրետ ախտորոշում՝ ճակատաքունքային դեմենցիա: Ցավոք, հաղորդակցության հետ կապված մարտահրավերները Բրյուսի հիվանդության միայն մի ախտանիշն են: Թեև սա ցավալի է, սակայն վերջապես հստակ ախտորոշում ունենալը թեթևացում է: Ճակատաքունքային դեմենցիան դաժան հիվանդություն է, որի մասին մեզանից շատերը երբեք չեն լսել ... Այսօր հիվանդության բուժման միջոցներ չկան, իրականություն, որը մենք հույս ունենք, որ կարող է փոխվել գալիք տարիներին»:

  • Կիսվել: