չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արամեի նոր զուգերգի մանրամասները, լուսանկարներն ու այցը Հայաստան

Արամեի նոր զուգերգի մանրամասները, լուսանկարներն ու այցը Հայաստան

Երգիչ Արամեն իր երկրպագուների համար անակնկալ ունի նոր զուգերգի տեսքով: «Պատուհանդ բաց արա» կոչվող երգի ու տեսահոլովակի առաջին մանրամասներն ու լուսանկարները նա վստահել է Tert.am Life–ին:

Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանն են:

Ըստ երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանի` մինչև երգի վերնագիրն ընտրելը երկար են մտածել. «Չէինք ցանկանում դա ընտրել, ամեն ինչ անում էինք` այդ տարբերակից խուսափելու համար, բայց քանի որ կրկներգի ամենահիշվող հատվածն էր, ընտրեցինք հենց այդ տարբերակը: Երգը վաղուց եղել է Ռիչարդ Մադլենյանի մոտ, հետո այն վերցրել է երգչուհի Ստելա Մկրտչյանը: Ռիչարդն առաջարկել է զուգերգով հանդես գալ, դիմել են Արամեին, նա լսել է երգն ու շատ է հավանել: Արամեն միշտ էլ ասել է, որ պարտադիր չէ զուգերգը լինի հայտնի մարդու հետ: Եթե երգիչն ունի լավ տվյալներ, կարող է նաև հայտնի չլինել»:

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նկարահանումները տևել են մեկ օր: «Տեսահոլովակում կերպարներ, որպես այդպիսին, չկան, երկու հերոս են` Արամեն և Ստելան: Տեսահոլովակը պետք է նկարահանեինք տարեսկզբին, բայց քանի որ Ստելան Ռուսաստանում էր ու համաճարակային իրավիճակի պատճառով չէր կարող Հայաստան գալ, մի փոքր հետաձգեցինք նկարահանումները: Մասսայական տեսարաններ չէինք ծրագրել, որպեսզի պահեինք պարետատան սահմանած կանոնները: Չեմ կարող ասել, որ տեսահոլովակը խաղարկային չէ, բայց սյուժեն մեկնաբանել չեմ կարող, ավելի շատ էսթետիկ հաճույք պարգևող տեսահոլովակ է»,-ասաց պրոդյուսերը:

Արամեն կարանտինային շրջանում բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում։ Սյոման հայտնեց, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում կնկարահանեն ևս մեկ տեսահոլովակ, որի երգն էմոցիոնալ առումով առանձնահատուկ նշանակություն ունի Արամեի համար:

«Մենք այս ընթացքում էլ լուծումներ գտանք` ինչպես անել, որպեսզի և՛ նկարահանենք, և՛ չխախտենք կանոննեը,-ասաց նա և հավելեց, որ տարվա ընթացքում շատ աշխատանքներ են ծրագրում, որոնք դեռ չեն հասցնում իրագործել,- Արամեն աշխատանքային այցեր շատ է ունենում տարբեր երկրներ, այդ պատճառով չենք հասնում իրագործել մեր պլանավորած աշխատանքները»:   

Սյոման նաև հայտնեց, որ Արամեն մի քանի օրից Հայաստան կգա: Այս շրջանում Ռուսաստան տեղափոխված երգիչը Հայաստանում կլինի աշխատանքի բերումով։ «Այս օրռրին Ռուսաստանում Արամեն նկարահանվել է Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված տեսահոլովակում, բավականին մեծ հատված է երգում: Տեսահոլովակում երգում են Ժասմինը, Ալեքսեյ Չումակովը և այլ աստղեր»,-ասաց նա:

  • Կիսվել: