Զելենսկին Մերցի, Մակրոնի ու Սթարմերի հետ քննարկել է Ուկրաինայի հարցի կարգավորման ԱՄՆ ծրագիրը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն են հայտնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ ջանքերին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը:
Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ այս առնչությամբ, մասնավորապես, ասված է. «Պետությունների և կառավարությունների ղեկավարները ողջունել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ ջանքերը, մասնավորապես՝ Ուկրաինայի ինքնիշխանության ճանաչումն ու Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամությունը»:
Նշվում է նաև, որ ղեկավարները համաձայնել են սերտ համագործակցել միմյանց, եվրոպացի մյուս գործընկերների և Վաշինգտոնի հետ։ Նրանք նշել են, որ «եվրոպական պետություններին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին վերաբերող ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ, ավելի ճշգրիտ՝ դաշնակիցների կոնսենսուսը»։


