Զելենսկիի ժամանումից հետո Դուբլինի երկնքում ԱԹՍ-ներ են հայտնվել. Իռլանդիայի վարչապետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ անցյալ շաբաթ Դուբլին ժամանումից կարճ ժամանակ անց քաղաքի մոտակայքում հայտնված անօդաչու թռչող սարքերը սպառնալիք չեն ներկայացրել նրա ինքնաթիռի համար, սակայն միջադեպը լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այս մասին հայտարարել է հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Մարտինը խորհրդարանին հայտնել է, որ Զելենսկիի պետական այցով ժամանելու երեկոյան Դուբլինի ափերին պարեկություն իրականացնող ռազմածովային նավի մոտ աննախադեպ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։
«Անօդաչու թռչող սարքերը նախագահ Զելենսկու ինքնաթիռի համար սպառնալիք չեն ներկայացրել, դա պետք է պարզ լինի, քանի որ այն անվտանգ վայրէջք է կատարել այս միջադեպից որոշ ժամանակ առաջ»,- ասել է Մարտինը։ Նա ուղղակիորեն չի մեկնաբանել իռլանդական լրատվամիջոցների հաղորդագրությունները, ըստ որոնց անօդաչու թռչող սարքերը թռել են Զելենսկու ինքնաթիռի թռիչքի հետագծի մոտ։
«Հանգամանքները հուշում են, որ դա Ռուսաստանի կողմից սադրած հիբրիդային արշավի մի մասն է Եվրամիության և Ուկրաինայի շահերի դեմ»,- հավելել է Մարտինը։
Դուբլինում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպին Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքներն անհիմն են, և որ եվրոպացի քաղաքական գործիչները տարածում են «առասպել» այն սպառնալիքի մասին, որը Ռուսաստանը ներկայացնում է Եվրոպայի համար։


