հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին

Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ գերազանցում են Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Այդ օրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել էր 3034, իսկ Վրաստանում՝ 3038 մահվան դեպք: 

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հունվարի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166094 դեպք՝ 3047 մահվան դեպքով: Նույն օրվա դրությամբ հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 256846 դեպք՝ 3071 մահվան դեպքով: 

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից:  

Գամկղրելիձեի խոսքով` եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանք:

«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես, օրինակ՝ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանք»,- հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են:

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր բավականին կառավարելի:

Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429605 դեպքով, Իրանը երկրորդ տեղում է՝ 1 մլն 372977 հաստատված դեպքով, Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, որտեղ կորոնավիրուսով վարակվել է 253816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228975 դեպքով: Հայաստանում, ինչպես վերը նշված է, հաստատվել է կորոնավիրուսի 166094 դեպք:

  • Կիսվել: