Կարանտինը և կորոնավիրուսի թեստը Վրաստան ժամանող արտասահմանցի գործարարների համար վճարովի կլինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է jnews.ge-ն:

Ըստ նախարարի, առաջիկայում նոր կանոնակարգերը պաշտոնապես կհրապարակվեն: Արտերկրից ժամանած գործարարներին կտրվի ընտրություն՝ վճարովի երկշաբաթյա կարանտին պերճաշուք հյուրանոցներում կամ պարբերական թեստավորում կորոնավիրուսի համար: Երկու դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ինքնուրույն են հոգալու բոլոր ծախսերը:

«Եթե նրանք երկար ժամանակով են ժամանում, ապա կարող են ընտրել վճարովի կարանտին և դրանով օգնել մեր հյուրանոցներին կամ նույնը անել թեստերի օգնությամբ… Նրանք իրենք պետք է ձեռք բերեն թեստեր և թեստ հանձնեն 14 օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր երրորդ օրը: Սա վերաբերում է ցանկացած երկրից այցելուներին», – հայտարարել է Թուրնավան:

Կարանտինային ծառայությունների արժեքի մասին խոսելիս՝ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ «սա հարկադրական վճարում չէ»: Նա նաև նշել է, որ վրացական իշխանությունները նման կանոնակարգեր են ներդնում՝ մի կողմից պաշտպանելու քաղաքացիների առողջությունը, իսկ մյուս կողմից էլ «չխախտել ներդրողների հետ հաղորդակցությունը»:

«Մենք անցկացնում ենք շատ ակտիվ ներդրումային քաղաքականություն: Զուգահեռաբար, ուզում ենք օգտագործել այն նոր հնարավորությունները, որոնք հայտնվել են շուկայում», – հայտարարել է Թուրնավան:

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին մարտի 18-ին Վրաստանը փակել էր իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Սպասվում էր, որ միջազգային այցելուների ընդունելությունը կվերսկսվի հուլիսի 1-ից, սակայն սահմանների բացման ամսաթիվը հետաձգվեց: Իշխանություններն իրենց որոշումը բացատրել են աշխարհի բազում երկրներում համաճարակաբանական ծանր իրավիճակով: Նշվել է նաև, որ կառավարության առաջնային խնդիրն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին:

Մինչև օգոստոսի 1-ը Վրաստանը հետաձգել է կանոնավոր միջազգային ավիաչվերթների վերսկսման ամսաթիվը: Միևնույն ժամանակ, հաջորդ ամսվա ընթացքում մի քանի ավիաընկերություններ չարտերային ավիաչվերթներ կկատարեն երկրի օդանավակայաններ:

Համաձայն սահմանված կանոնների՝ այսօր արտասահմանից Վրաստան ժամանող բոլոր անձինք պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին: Միակ բացառությունը պաշտոնական արտասահմանյան պատվիրակություններն են: Կարանտինն անվճար է Վրաստանի քաղաքացիների համար: Վերադարձող հայրենակիցները տեղավորվում են կարանտինային նպատակներով պետության կողմից վարձակալված հյուրանոցներում: