հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,5 տոկոսային կետով և կազմել 19,4 տոկոս, գրում է aliq.ge-ն:

Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6 տոկոսային կետով և կազմել 49,9 տոկոս, մինչդեռ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսային կետով և կազմել 40,2 տոկոս։

Ըստ Geostat-ի՝ զբաղվածության մակարդակը և՛ քաղաքային, և՛ գյուղական բնակավայրերում աճել է համապատասխանաբար 2,2 և 2,9 տոկոսային կետով։

Տեղեկության համաձայն՝ աշխատողների տեսակարար կշիռը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել է աշխատողների ընդհանուր թվի 68,1 տոկոսը, ինչը 1,2 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,1 տոկոսային կետով, իսկ գյուղերում՝ 1,5 տոկոսային կետով։

Գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում:

2022 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշը նվազել է 2,2 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,7 տոկոսային կետով։

Հատկանշական է, որ աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց: 2022 թվականի առաջին եռամսյակում կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 39,1 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ՝ 62,5 տոկոս։

2022 թվականի առաջին եռամսյակում և՛ կանանց, և՛ տղամարդկանց զբաղվածության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է համապատասխանաբար 1,6 և 3,6 տոկոսային կետով։

  • Կիսվել: