երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի

Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի

Երկու տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը կկարողանա ապահովել Թբիլիսիի երկնքի ամբողջական պաշտպանությունը հակաօդային պաշտպանության միջոցներով։ Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

«Արդեն ձևակերպված գնումների արդյունքում երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի՝ ներառյալ ռազմավարական օբյեկտները, օդանավակայանները, ռազմակայանները և այլն: Նման բան Վրաստանում երբեք չի եղել, և մենք դրան հասնելու ենք»,- ասել է Բուրչուլաձեն վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

2022 թվականի հունիսին Բուրչուլաձեն հայտնել էր, որ Վրաստանի իշխանությունները ծրագրում են ավարտել հակաօդային համակարգերի արդիականացումը՝ համագործակցելով սպառազինություն արտադրող իսրայելական Rafael ընկերության հետ։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ հանրապետությունն անձնակազմ է նախապատրաստում սկսելու հակաօդային պաշտպանության միջոցների շահագործումը, որոնք ձեռք են բերվել Ֆրանսիայից՝ դեռևս 2015 թվականին կնքված պայմանագրի հիման վրա։ Բանակցություններ են սկսվել «Սթինգեր» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ՝ ինչպես Վրաստանի բյուջեի հաշվին, այնպես էլ գործընկերների աջակցությամբ։

  • Կիսվել: