չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանի նախագահը եւ վարչապետը համամիտ չեն հարեւան երկրների օգնությանը դիմելու հարցում

Վրաստանի նախագահը եւ վարչապետը համամիտ չեն հարեւան երկրների օգնությանը դիմելու հարցում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել տարերային աղետի զոհերի ընտանիքներին՝ շնորհակալություն հայտնելով փրկարարներին եւ այն քաղաքացիներին, որոնք զբաղվել են փրկարարական գործունեությամբ աղետի վայրում՝ ավելացնելով, որ պատրաստ է մասնակցել այն երկրների ղեկավարների հետ շփումներին, որոնք օգնություն են առաջարկում, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Նախագահը նաեւ համերաշխություն է հայտնել տեղի իշխանություններին, գերատեսչություններին եւ կառավարությանը։

Սալոմե Զուրաբիշվիլին նաեւ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք համերաշխություն են հայտնել Վրաստանին՝ Շովիում տարերային աղետի հետ կապված։

«Լսեցի վարչապետի խոսքերը, որ մենք առայժմ անհրաժեշտ չենք համարում այլ երկրների, այլ գործընկերների օգնությունը։ Եթե նման պահանջ առաջանա եւ իմ դերն անհրաժեշտ դառնա տարբեր երկրների ղեկավարների հետ կապ հաստատելու համար, ես պատրաստ եմ մասնակցել դրան։ Մենք միասին մեծ ողբերգության առջեւ ենք եւ միասին կլինենք մինչեւ վերջ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Տարերային աղետի գոտուց փրկարարները չեն կարողացել ժամանակին դուրս բերել զոհվածների մարմինները, ինչը դարձել է քննադատության պատճառ ոչ միայն ԶԼՄ-ների, այլեւ պատահարի վայրում գտնվող տեղի բնակիչների կողմից։

Ռաչայում տարերային աղետի ֆոնին նորից ակտուալ է դարձել փրկարար ուղղաթիռների հարցը։ Վրաստանը պատշաճ կերպով հանդերձավորված ուղղաթիռներ մինչեւ այժմ չունի, չնայած դրանց գնման մասին խոսում է ավելի քան 10 տարի։

Օրինակ, անցած տարի կառավարության օգոստոսի 29-ի նիստում անձամբ Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկացրել էր, որ Վրաստանի ՆԳՆ-ն աշխատում է երեք նոր ուղղաթիռ գնելու ուղղությամբ։ Այժմ պարզվել է, որ Վրաստանն առաջին ուղղաթիռը կստանա միայն 17 ամիս անց պայմանագրի ստորագրումից հետո, այսինքն՝ 2024թ. մայիսին։ Երկրորդ ուղղաթիռը՝ 19 ամիս հետո (2024թ. հուլիսին), իսկ երրորդը՝ 20 ամիս հետո՝ 2024թ. օգոստոսին։

Լրագրողի այսօրվա հարցին, թե ինչու Վրաստանը օգնության համար չի դիմել հարեւան երկրներին, որպեսզի գիշերն էլ Շովիում շարունակվեր փրկարար գործողությունը, վարչապետը կարճ է կտրել՝ կոչ անելով «դադարեցնել խայտառակ շահարկումը, քանի որ երեք ուղղաթիռ արդեն ձեռք է բերվել»։ Իսկ ինչ վերաբերում է հարեւան երկրների օգնությանը, ապա «դրա անհրաժեշտությունը չկա», գրել է ԶԼՄ-ն։

  • Կիսվել: