երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Գործակալների մասին» օրենքը. ո՞րն է հաջորդ քայլը

Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Գործակալների մասին» օրենքը. ո՞րն է հաջորդ քայլը

Այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  օրենքը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաներ են ընթանում, գրում է jnews.ge-ն:

Խորհրդարանն ընդունեց օրենքը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝

17-27 մայիսի՝ օրինագիծը կներկայացվի երկրի նախագահի ստորագրությանը։
Մայիսի 14-ից հունիսի 14-ը նախագահը կամ ստորագրում է, կամ վետո է դնում օրինագծի վրա և նշումներով վերադարձնում է խորհրդարան։

Սահմանադրությունը չի սահմանում կոնկրետ ժամանակահատված, թե խորհրդարանը կոնկրետ ինչ ժամանակահատվածում պետք է վերանայի նախագահի վետոն։

Հունիսի 14-ից հետո խորհրդարանը նախագահի նշումների և փոխությունների համար քվեարկություն կիրականացնի: Եթե ​​դիտողություններն ընդունվեն, ապա թարմացված օրինագիծը 5-օրյա ժամկետում կվերադարձվի նախագահին։ Այս անգամ նա ստորագրելու համար 5 օր ժամանակ ունի։

Դիտողությունների մերժման դեպքում խորհրդարանականները կքվեարկեն օրինագծի բնօրինակի օգտին։ Եթե ​​այն ընդունվի, ապա նախագահի վետոն հաղթահարվում է, և փաստաթուղթը 3-օրյա ժամկետում վերադարձվում է կրկին նախագահի ստորագրությանը: Փաստաթուղթը ստորագրելու համար նա կունենա 5 օր։ Եթե նախագահն այս անգամ էլ օրինագիծը չստորագրի նշված ժամկետներում, ապա արդեն փաստաթուղթը կստորագրի և կհրապարակի խորհրդարանի նախագահը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը քննարկվել է 2023 թվականի գարնանը՝ մարտի 2-ին։ Խորհրդարանը լիագումար նիստում 76 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որից հետո երկերում բողոքի մեծ ալիք բարձրացավ։ Արդեն մարտի 9-ի առավոտյան խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեց, որ հետ է կանչում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։

Նույն թվականի հունիսի 21-ին Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ Վրացական երազանքը» մտադիր չէ վերադառնալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին: Հարցը փակված է, և նրանք դրան այլևս չենք վերադառնա:

Սակայն մեկ տարի անց, 2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» կրկին կներկայացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Հենց նույն օրն էլ օրինագիծը գրանցվեց խորհրդարանում: Ապրիլի 17-ին «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ, 83 կողմ ձայնով ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն արդեն փոփոխված՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» տարբերակով : Մայիսի 1-ին խորհրդարանն օրենքն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

Ընդգծենք, որ խորհրդարանական բոլոր լսումների ժամանակ օրինագծին կողմ են քվեարկել իշխող կուսակցության անդամներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը։

  • Կիսվել: