կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի բնակչության 80%-ը պաշտպանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը. Դարսալիա

Վրաստանի բնակչության 80%-ը պաշտպանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը. Դարսալիա

Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գաղափարը պաշտպանում է հանրապետության բնակիչների 80%-ը, իսկ 21-րդ դարում ազդեցության գոտիների մասին խոսակցությունները լիովին անընդունելի են: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ երկիրը բռնի կերպով ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկելու վերաբերյալ։

«Վրացական հասարակությունն այդ հարցի վերաբերյալ կոնսենսուս ունի։ Որպես ժողովրդավար երկիր՝ Վրաստանն արդեն իրեն համարում է հենց այդ տարածքի մաս: Վրաստանի համար դա առաջին հերթին արժեքային հարց է»,- ասել է Դարսալիան։

Նրա խոսքով՝ 21-րդ դարում ազդեցության գոտիների, տարբեր պետությունների բացառիկ ոլորտների մասին խոսակցություններն անընդունելի են։ Դարսալիան նշել է, որ նման հայտարարությունները կարող են նպաստել միջազգային համակարգի ապակայունացմանը և համաշխարհային կարգի խաթարմանը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Վրաստանին ՆԱՏՕ-ում ընդգրկելու փորձերը Ռուսաստանը կընկալի որպես սեփական կարմիր գծի խախտում: Լավրովի խոսքով՝ Վրաստանի ժողովրդի մեծ մասը դեմ է երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքի:

  • Կիսվել: