երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին տարիների ամենատաք փետրվարը շարունակում է եղանակային ռեկորդների շարքը

Վերջին տարիների ամենատաք փետրվարը շարունակում է եղանակային ռեկորդների շարքը

Անցյալ ամիսը, ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալների համաձայն, եղել է վերջին ժամանակների ամենատաք փետրվարը, որը շարունակել է նախորդ ութ ամիսների սահմանած ռեկորդը։ Այս մասին տեղեկանում ենք ΒΒC-ից։

Սկսած 2023 թվականի հունիսից ամեն ամիս սահմանվում է տարվա այդ եղանակի համար նոր առավելագույն ջերմաստիճան։

Ծառայության հաղորդմամբ՝ համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հիմա ռեկորդային բարձր մակարդակի վրա է, իսկ Անտարկտիկայում ծովի սառույցը կրկին հասել է ծայրահեղ ցածր մակարդակի։

Ջերմաստիճանի բարձրացման պատճառներից մեկն էլ Խաղաղ օվկիանոսում «Էլ Նինյո» երևույթն է, որի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք՝ ազդելով արևադարձային և մերձարևադարձային գոտիների մեծ մասի վրա։

«Ջերմոցային գազերն, անշուշտ, (ջերմաստիճանի բարձրացման) հիմնական պատճառն են», - ընդգծել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության հաղորդմամբ՝  այս տարվա փետրվարին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի 1,77 աստիճանով բարձր է եղել մինչարդյունաբերական ժամանակահատվածում գրանցված ջերմաստիճանից։ Սա նոր ռեկորդ է սահմանում՝  0,12 աստիճանով գերազանցելով 2016 թ․-ին արձանագրված ցուցանիշը։

Հատկապես բարձր ջերմաստիճան է գրանցվել Հարավային Ավստրալիայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Հարավային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում շուրջ 200 երկրներ պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ 

  • Կիսվել: