հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վենեսուելան և Գայանան պայմանավորվել են ուժ չկիրառել տարածքային տարաձայնությունների պատճառով

Վենեսուելան և Գայանան պայմանավորվել են ուժ չկիրառել տարածքային տարաձայնությունների պատճառով

Գայանան և Վենեսուելան համաձայնության են եկել զերծ մնալ ուժի կիրառումից և չսրել լարվածությունը նավթով հարուստ Էսեկիբոյի շրջանի հետ կապված տարածքային տարաձայնությունների պատճառով։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ նման որոշում է ընդունվել Սենթ Վինսենթ և Գրենադիններ կղզային պետության օդանավակայանում Գայանայի և Վենեսուելայի ղեկավարներ Իրֆաան Ալիի և Նիկոլաս Մադուրոյի միջև հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրների ներկայացուցիչներ։

160 000 քառ․ կմ տարածք ունեցող Էսեկիբոյի շրջանը ճանաչված է որպես Գայանայի մաս, սակայն վերջին տարիներին Վենեսուելան կրկին սկսել է տարածքային հավակնություններ ներկայացնել շրջանի նկատմամբ այն բանից հետո, երբ 2015 թ․-ին այնտեղ նավթի և գազի խոշոր հանքավայրեր հայտնաբերվեցին։

Երկու երկրների հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «ոչ մի պարագայում չեն սպառնա և չեն կիրառի ուժ մեկը մյուսի դեմ» և «զերծ կմնան բառերով կամ արարքներով հակամարտությունը կամ տարաձայնությունները սրելուց»։

Լարվածությունն աճել էր այս ամիս՝ այն բանից հետո, երբ Վենեսուելայում հանրաքվե անցկացվեց, որի ընթացքում երկրի քաղաքացիները Էսեկիբոն ճանաչեցին որպես Վենեսուելայի նոր նահանգ և մերժեցին Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը, որը սահմանային այս վեճի առնչությամբ լսումներ է անցկացնում։

Իսկ անցյալ շաբաթ լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ լիազորում է Էսեկիբոյում նավթի հանքավայրերի մշակումը։

Ըստ համատեղ հայտարարության՝ երկու երկրները բանակցությունները կշարունակեն առաջիկա երեք ամսվա ընթացքում՝ Բրազիլիայում։

Իրֆաան Ալին հանդիպման ժամանակ կրում էր Գայանայի քարտեզով թևնոց, որի մեջ ներառված էր նաև Էսեկիբոն։ Նա կրկնել է, որ տարածքային վեճը պետք է լուծվի Արդարադատության միջազգային դատարանի միջոցով, որի իրավասությունը Վենեսուելան չի ճանաչում։

  • Կիսվել: