Վենեսուելան չպետք է ներքաշվի անկայունության մեջ. Էրդողանը՝ Թրամփին
Այսօրվա կաբինետի նիստում մենք համապարփակ քննարկել ենք Վենեսուելայի հարցը՝ համապատասխան գերատեսչությունների հավաքած թարմացված տեղեկատվության հիման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան հստակորեն փոխանցել ենք մեր երկրի մտահոգությունները: Մենք հատկապես ընդգծել ենք, որ Վենեսուելան չպետք է ներքաշվի անկայունության մեջ: Թուրքիան և թուրք ժողովուրդը կշարունակեն վճռականորեն աջակցել բարեկամ Վենեսուելայի ժողովրդին՝ բարգավաճման, խաղաղության և զարգացման համար պայքարում:
Մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ և այն, ինչը լավագույնն է ինչպես Թուրքիայի, այնպես էլ բարեկամ վենեսուելացի ժողովրդի համար: Պարոն Մադուրոն և վենեսուելացի ժողովուրդը բազմիցս ցույց են տվել, որ իրենք մեր երկրի բարեկամներն են: Որպես երկու բարեկամ երկիր՝ մենք միշտ առաջնահերթություն ենք տվել միմյանց հետ համերաշխությանը դժվարին ժամանակներում և գնահատել դա:
Հստակ է, որ պետությունների ինքնիշխան իրավունքների խախտումը և միջազգային իրավունքի խաթարումը չափազանց ռիսկային քայլեր են, որոնք կարող են լուրջ բարդությունների հանգեցնել համաշխարհային մասշտաբով: Աշխարհում, որտեղ օրենքի գերակայությունը փոխարինվում է ուժի գերակայությամբ, անկայունությունը, ճգնաժամերը և հակամարտություններն անխուսափելի են դառնում: Թուրքիան երբեք չի ցանկանում քաոս, անկարգություններ և լարվածություն մեր տարածաշրջանում կամ որևէ այլ վայրում։ Հետևաբար, մենք ամենակարևորը համարում ենք կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի պահպանումը»:


