շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վեց օր՝ առանց ջրի և ուտելիքի. Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ

Վեց օր՝ առանց ջրի և ուտելիքի. Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ

Հունաստանի ափերի մոտ մահացել է 22 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է հունական ափային պահպանությունը՝ հավելելով, որ նավակն ուղեւորվում էր Եվրոպա, տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ ուրբաթ օրը Եվրոպական սահմանային գործակալության նավը փրկել է քսանվեց մարդու, այդ թվում՝ մեկ կնոջ եւ մեկ երեխայի։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Կրետե կղզու Հերակլիոն քաղաքի հիվանդանոց։

Հղում կատարելով ափային պահպանության ներկայացուցչին՝ AFP-ն հայտնում է, որ միգրանտներ տեղափոխող նավակը մարտի 21-ին մեկնել է Լիբիայի արեւելքում գտնվող Թոբրուկ նավահանգստից:

Ափային պահպանության տվյալներով՝ միգրանտների մահվան պատճառը վատ եղանակն ու սննդի եւ ջրի պակասն են եղել։

Նավն ի վերջո կանգնեցվել է Իերապետրա քաղաքից 53 ծովային մղոն հեռավորության վրա։ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ Հարավային Սուդանից երկու տղամարդ՝ 19 եւ 22 տարեկան, ձերբակալվել են մարդկանց առեւտրի կասկածանքով։

Աղբյուրը նշում է, որ Հունաստանը, Իտալիայի հետ միասին, Միջերկրական ծովով մեծ թվով անօրինական միգրանտներ է ընդունում, որոնք հաճախ գալիս են մոտակա Թուրքիայից եւ Հյուսիսային Աֆրիկայից։

  • Կիսվել: